Մանիպուլյացիոն «վարպետների» «կլասիկ» մեղադրանքները

Մեր օրերում շատ է խոսվում տեղեկատվական պատերազմի մասին: Տեղեկատվական պատերազմը, որպես կանոն, ընդունված է համարել չորրորդ սերնդի պատերազմ, որն ի հայտ է եկել նախորդ դարի 80-ականներին։

Միաժամանակ, քչերը կարող են բացատրել, թե ինչ է դա և ինչ է իրենից ներկայացնում: Ավելին, նույնիսկ ոլորտի մասնագետներն են դժվարանում պատասխանել այդ հարցին, թե երբ է սկիզբ առել տեղեկատվական պատերազմը և երբ է, որ տեղեկատվությունը սկսվել է օգտագործվել որպես զենք: Նույնիսկ, եթե հասկանանք, թե երբ է այն առաջացել, հարց կառաջանա, թե ի՞նչ է իրենից ներկայացնում հենց տեղեկատվական պատերազմը, ինչ միջոցներով է այն իրագործվում և ինչ նպատակ է հետապնդում: Տեղեկատվական պատերազմը միայն միջոց է, բայց ոչ վերջնական նպատակ․ այս առումով կարելի է փաստել, որ տեղեկատվական պատերազմը կարելի է օգտագործել որպես ռազմավարական գրոհի միջոց, սակայն ներքաղաքական կյանքում վերջին մեկ տարվա ընթացքում հաճախ ականատես ենք լինեմ բացառապես այլ ձևաչափի։

Փաստ է, որ այսօր համացանցը լցված է ապատեղեկատվական, քարոզչական նյութերով։ Այս ամենը, բացի իր բուն տխրեցնող հետևանքներից, ունենում է և դեռ կունենա տարբեր այլ վնասակար ազդեցություններ ինչպես տեղեկատվական դաշտի, այնպես էլ՝ ողջ հասարակության վրա։

ՀՀ գործող իշխանությունները անհասկանալի հիմնավորումներով յուրաքանչյուր տարրական իրադարձության մեջ, որը չի համապատասխանում իրենց քաղաքական ստանդարտներին, տեսնում են դավադրապաշտություն և ինֆորմացիոն սպեկուլյացիա և բաց տեքստով հանրության մեջ փնտրում թիրախներ։ Փաշինյանն անձամբ ցանկացած մեթոդիկայով փորձում է ամրանալ և կայանալ քաղաքական արենայում՝ օգտագործելով հնարավոր բոլոր ձևերն ու տարբերակները։ Նախ ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակում իշխանություններն ունեն հարցերի համար հարմար պատասխանը՝ «ամեն ինչում մեղավոր են նախկինները»։

Վերջին շրջանում Փաշինյանի կողմից օրակարգ նետված այն պնդումը, որ «Արցախում որոշ շրջանակներ դավադիր պատերազմ են վարում»՝ իշխանությունների հերթական մանիպուլյատիվ քաղաքականության օրինակն է։ Փաշինյանի և նրա թիմի համար սա ունի հիմնավոր բացատրություն․ սահմանային բախման հետևանքով, ամենայն հավանականությամբ, իշխանությունները կթիրախավորեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու ՀՀ նախորդ իշխանություններին։ Ակնհայտ է, որ ազգային հարցերը պետք է տարանջատել ներքաղաքական հարցերից։ Եթե ինչ-որ մեկի մտքով անգամ անցնում է Հայաստանն ու Արցախը տարանջատել, նա, ըստ էության, ազգային դավաճանություն է կատարում, և այստեղ շատ խիստ պետք է լինենք։ Մի կարևոր դրվագ ևս․ եթե Փաշինյանն այդպիսի հայտարարություն է անում, պետք է մի քիչ մանրամասներ ներկայացներ հանրությանը, որպեսզի հասկանալի լիներ՝ ում կամ ինչի մասին է խոսքը։ Քանի դեռ չի մանրամասնել, այդ պնդումները հեքիաթի և քաղաքական արհեստական շահարկումների դասական դրսևորումներ են։

Այս ամենին զուգահեռ տեղեկատվական դաշտում գրեթե լրիվ անտեսված են մնում արտաքին մարտահրավերները։ Ակնհայտ է, որ կառավարությունը չունի հստակ մոտեցումներ արտաքին վտանգների վերաբերյալ։ Ողջ ուշադրությունը ուղղված է ներքին խնդիրներին։ Քանի որ հենց այստեղ են ճնշում գործադրում ընդդիմախոսները․ արտաքին վտանգներն իրենք իրենց կյանքով են ապրում։

Տարիներ շարունակ ՀՀ քաղաքական դաշտում տեղեկատվական մանիպուլյացիաների առանցքային խաղացողը համարվում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում ընտանեկան թերթը, որպես կանոն, հայաստանյան տեղեկատվական դաշտում սպառում էր ադրբեջանական սուսով մատուցվող ինֆորմացիա՝ փորձելով հանրության մոտ ձևավորել ալտերնատիվ կարծիք և քննադատել գործող իշխանություններին։ Հենց նման կարգի տեղեկատվությամբ էին համեմված նաև Փաշինյանի բազում ելույթներ ԱԺ ամբիոնից՝ երկրի համար առանցքային հարցերի քննարկման ժամանակ (Փաշինյանի հակառուսական ելույթների հիմնական մասն այդ ժանրից էին)։

Հ․գ․ Սահմանադրության օրը ձևականորեն տոն հռչակելու ու չնշելու պատասխանատուն քաղաքացին չէ, պետությունն է, որ որոնում է իր կառուցման այլ հիմքեր ու շրջանցում Հիմնական օրենքը: Որ իշխանության քաղաքական նպատակահարմարության տրամաբանության վրա է կառուցվում Հիմնական օրենքը՝ հակառակ քաղաքացու: Ու դա ժողովրդավարության ցուցիչ է: Ավելի ճիշտ՝ ժողովրդավարության աղճատված ըմբռնումների ու մեկնաբանությունների: Ու դա նշանակում է, որ մեր հիվանդ երեխան բուժման հույս չունի:

Արման Գալստյան

Տեսանյութեր

Լրահոս