«Մի հատ Սևան թափվող գետերի վիճակը տեսեք, դրանք աղբատար են, գետեր չեն». Բնապահպան
Հուլիսի 5-ին սոցիալական ցանցերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել: Դեպքը տեղի է ունեցել երեկ, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկի փոխանցմամբ՝ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռել են, հետո՝ սատկել: Այս աղմուկից հետո սկսեցին բարձրաձայնել Սևանի հետ կապված խնդիրների մասին՝ նշելով, որ լճում իրավիճակը աղետալի բնույթ է կրում:
«Այստեղ իրոք ուսումնասիրություն է պետք: Լսեցի Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչի խոսքը, որից պարզ դարձավ, որ դեռևս լիարժեք ուսումնասիրություն չեն կատարել: Ամենայն հավանականությամբ կհերքվի այն հարցը, որ Սևանի պատճառով է: Արածել են դաշտերում, որտեղ դժվար մարսվող խոտ է աճում: Շատ քանակությամբ օգտագործել են, ինչը վնասել է կենդանիներին: Չնայած անցած տարի, երբ լիճը ծաղկեց, բացահայտվել էր, որ կա ջրիմուռի տեսակ, որը որ ոչ մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր է պարունակում: Այս տարի կարծես թե այդ վտանգը կա»,–168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը նկատեց՝ Սևանա լճի վիճակի վերաբերյալ տարիներով զգուշացրել են, որ այսպես է լինելու, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձրել:
«Երբ ասուլիս էինք տալիս՝ ներկայացնելու վտանգները, գրեթե լրագրող չէր գալիս, իսկ հիմա, երբ իրավիճակը սրվել է, նոր են հետաքրքրվում, իսկ ես ոչ մի բան անել չեմ կարող: Սխալ է այդ մոտեցումը: Արդեն շատ դժվար է հարցը լուծել: Ժամանակին պետք է մաքրման կայաններ կառուցեին, որտեղ էլ որ հնարավոր էր՝ վերականգնեին, ափերը պետք է լիարժեք նախապատրաստվեին, ոչ թե օլիգարխները, և նույնիսկ իշխանության մեջ եղած մարդիկ իրենց վիլլաներն անմիջապես ափին կառուցեին, սկսեին խանգարել, որ լիճը բարձրանա: Լճի մակարդակը քայլ առ քայլ պետք է բարձրացնել, բայց համապատասխան ափերը մաքրելով, սակայն դա էլ չենք արել: Ափերն իրենց կանաչ տարածքով մտել են ջրի տակ: 2012 թվականից լճի մակարդակը գրեթե չենք բարձրացրել: Կառավարության ծրագիր կար, որ ՀԷԿ-երը չի կարելի ջրավազանում կառուցել: Մի հատ Սևան թափվող գետերի վիճակը տեսեք, դրանք աղբատար են, գետեր չեն: Բազմաթիվ նման խնդիրներ կան»,-հավելեց բնապահպանը:
Անի Կարապետյան