Բաժիններ՝

20-ամյա երիտասարդի դանակահարության գործով մեղադրանք է առաջադրվել տուժողի հորեղբոր որդուն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ազգականին:

Դեպքը տեղի է ունեցել 2019թ. մայիսի 9-ին՝ Սպիտակ քաղաքում:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մասնավորապես՝ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2019 թվականի մայիսի 9-ի հորեղբոր որդու և վերջինիս փեսայի հետ գնացել է Սպիտակ քաղաքում գտնվող բենզալցակայան, որտեղ, վերջինիս խնդրանքով, 31-ամյա տղամարդու վարած ավտոմեքենան լիցքավորվել է բենզինով՝ գումարը հաջորդ օրը տալու պայմանով:

Հաջորդ օրը՝ 2019 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ազգականները հանդիպել են և ժամեր առաջ լիցքավորած բենզինի գումարը ժամանակին վճարելու և չուշացնելու պարտավորության շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում քաշքշել և հայհոյել են միմյանց:

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հասցված վիրավորանքից վրեժխնդիր լինելու շարժառիթով՝ 31-ամյա տղամարդն իր ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրած դանակով երեք անգամ հարվածել է հորեղբոր՝ 20-ամյա որդուն՝ դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախ թոքի վնասումով ու ձախակողմյան հեմոպնևմոթորաքսով ուղեկցվող, կրծքավանդակի հետին պատի ձախ կեսի ծակած-կտրած վերքի և կրծքավանդակի հետին պատի երկու ծակած-կտրած չթափանցող վերքերի տեսքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս