Բաժիններ՝

Հանդուրժում ենք դպրոցում ժամանակ վատնելու պրակտիկան

Վերջին շրջանում շատ է խոսվում 12-ամյա դպրոցական կրթության անարդյունավետության մասին։ Այդ մասին խոսում են ոչ միայն ծնողները, աշակերտները, այլև ոլորտի մասնագետները, ուսուցիչները։ Նախարարությունը հայտարարում է, որ ուսման տևողության կրճատման մասին խոսք լինել չի կարող։ Բայց բանն այն է, որ խնդիրն առկա է, և չպետք է անտեսենք։

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն անցել է 12-ամյա կրթության Բոլոնիայի գործընթացին անդամակցելու համար։ Նշեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Օրինակ՝ ՌԴ-ում 11-ամյա դպրոցական կրթություն է, բայց երկիրն անդամակցում է Բոլոնիայի գործընթացին։ Հայաստանն էլ Բոլոնիայի գործընթացին անդամակցել է 2005 թվականին, իսկ 12-ամյակի անցման մասին հայտարարվել է 2006-ին։ Հայաստանում 12-ամյա կրթության անցնելու հիմնական նպատակն այն էր, որ կար ցանկություն՝ ուսումնական ծանրաբեռնվածությունը թեթևացնելու։

Կառավարիչները մտածում էին, որ, եթե երեխաները 10 տարվա նյութը սովորեն 12 տարում, ապա ավելի խորը ու լավ կսովորեն։ Իհարկե, զուգահեռաբար՝ Հայաստանը ցանկանում էր նմանվել աշխարհի այլ զարգացած երկրներին, որոնցում դպրոցական կրթության տևողությունը 12 տարի է։ Ցավոք, ուսումնական ծրագիրը բեռնաթափելու նպատակը չիրականացավ, քանի որ ավելացվեցին նոր առարկաներ, ավելացան գործող առարկաների ժամաքանակները։ Ավելացավ նաև բյուջեի բեռը, քանի որ կրթության տևողության երկարացումը նշանակում է, որ ավելի շատ գումար պետք է հատկացվի դպրոցներին։ Ի՞նչ խնդիրներ է առաջացնում 12-ամյա կրթությունը։

Անցումը 12-ամյա կրթության բացասաբար է ազդում բարձրագույն կրթության համակարգի վրա։ 2017-2018 թվականներին բուհերի դիմորդների թվի կտրուկ նվազման պատճառն անցումն էր 12-ամյա կրթության։ Եվ հիմա բուհերը շուրջ 6 տարի ֆինանսական խնդիրներ են ունենալու ուսանողների թվի նվազման պատճառով։ Բազմաթիվ դասախոսներ ֆինանսական կորուստներ ունեցան այս փոփոխության պատճառով։ Բայց այստեղ ավելի խորը խնդիր էլ կա։ Դպրոցում 12 տարի սովորելուց հետո աշակերտները շատ ավելի հոգնած են գալիս բուհեր։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 11-12-րդ դասարաններում աշակերտների մեծ մասը, բացի բուհերի քննություններին պատրաստվելուց, առանձնապես այլ բան չեն անում դպրոցում, նրանց մոտ առաջանում է նաև որոշակի ուսումնական ծուլություն, որը բացասաբար է անդրադառնում բուհերի վրա։

2017-ից Հայաստանն անցավ 12-ամյա պարտադիր կրթության։ Այսինքն՝ աշակերտներն այլևս չեն կարող 9-րդ դասարանից հետո դուրս գալ դպրոցից և պարտավոր են ևս 3 տարի սովորել դպրոցում կամ քոլեջում։ Սա նույնպես մեծ խնդիրներ է ստեղծում։ Բազմաթիվ աշակերտներ ուսման առաջին 9 տարիներին արդեն ձախողել են իրենց ուսումը։ Նրանց գրագիտության աստիճանը շատ ցածր է, ուսման ձգտումը՝ գրեթե զրոյական։ Եվ քանի որ գյուղերում ու շատ քաղաքներում չկան քոլեջներ, այս երեխաները նաև տրանսպորտային խնդիրների են բախվում, եթե ցանկանում են որևէ ուսումնարանում կամ քոլեջում սովորել։ Բացի այդ, մենք չենք թողնում, որ այս երեխաները, որոնց մեծ մասն անապահով ընտանիքներից են, աշխատեն և օգնեն վատ վիճակում գտնվող իրենց ընտանիքին։

Անցումը 12-ամյա կրթության նշանակում է, որ աշակերտները դպրոցում են մնում մինչև 18 տարեկանը։ Ավելին, ունենք նաև 19 տարեկան աշակերտներ, որոնք մեկ տարի ուշ են հաճախել դպրոց։ Ըստ վիճակագրական տվյալների, 2018-2019 ուստարում Հայաստանի դպրոցներում սովորել է 18 և բարձր տարիքի շուրջ 4 հազար աշակերտ։ Այսինքն՝ դպրոցներում արդեն ունենք աշակերտներ, ովքեր երեխա չեն։ Բայց ոչինչ չենք արել մեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք ունենան նման տարիքի աշակերտների հետ աշխատելու հմտություններ։ Եթե հաշվի առնենք գիտական այն պնդումը, որ 21-րդ դարի երեխաներն ավելի արագ են հասունանում, ապա պարզ կլինի, թե ինչ է տեղի ունենում 11-12-րդ դասարանների աշակերտների հետ։

Անփոփոխ է մնացել նաև կրթության բովանդակությունը։ Մենք 11-12-րդ դասարաններում առաջարկում ենք նույն բովանդակությամբ ծրագրեր, դասագրքեր, ուսումնական գործունեության տեսակներ, ինչ նախորդ դասարաններում։ Հասկանալի է, որ այս ամենը ձանձրացնում է աշակերտներին, որոնց զգալի մասը սովորելու մոտիվացիա չունի։ Ռազմավարական տեսանկյունից սա լուրջ խնդիր է։

Քանի որ դպրոցում անիմաստ ժամանակ անցկացնելը հետագայում ազդում է նաև աշխատուժի որակի վրա։ Մենք, ըստ էության, հանդուրժում ենք ծաղկուն տարիքում դպրոցում անիմաստ ժամանակ վատնելու պրակտիկան։ Աշակերտները հասկանում են, որ դպրոցը մի տեղ է, որտեղ կա սահմանված ժամկետ, և դու պետք է այդ ժամկետն անցկացնես տվյալ հաստատությունում։ Ընդ որում, կարող ես նաև ոչինչ չսովորել, նույնիսկ պայուսակ ու դասագրքեր չտանել։

Անցումը 12-ամյա կրթության լրացուցիչ խնդիրներ է ստեղծում նաև տղաների համար։ Նրանց զգալի մասը դպրոցը դեռ չավարտած դառնում է 18 տարեկան։ Հետևաբար՝ ավարտական և միասնական քննությունները հանձնելուց հաշված օրեր անց նրանցից շատերը մեկնում են բանակ։ Օրինակ, երբ Ռուսաստանն անցավ 11-ամյա կրթության, նրանք զինակոչի տարիք սահմանեցին 19-ը, որպեսզի տղաներին հնարավորություն տան բուհ ընդունվել, իսկ չընդունվելու դեպքում՝ ևս մեկ անգամ փորձել։ Խնդիրներ կան նաև այն տղաների համար, ովքեր ընդունվում են արտերկրի բուհեր։

Օրինակ՝ դեպք է եղել, երբ շրջանավարտը դիմել է արտերկրի առաջատար բուհ։ Մինչ նա սպասում էր պատասխանին, նրան տարել են բանակ։ Մի քանի օր անց պարզվել է, որ տղան ընդունվել է տվյալ բուհ և կարող էր տարկետում ստանալ։ Այսինքն՝ զորակոչը սկսվում է այն պահին, երբ արտերկրի առաջատար բուհեր դիմած որոշ շրջանավարտներ դեռ չեն ստացել բուհ ընդունվելու կամ կրթաթոշակ ստանալու մասին պատասխանները։

Այսպիսով, 12-ամյա կրթությունն առայժմ ավելի շատ խնդիրներ է ստեղծել, քան օգուտներ տվել։ Պետք է էապես փոխել 11-12-րդ դասարանների ուսուցման մոտեցումները, բովանդակությունը։ Շատ լավ կլինի, եթե 12-րդ դասարանցիներին հնարավորություն տրվի ցանկություն դեպքում հաճախել բուհեր և մասնակցել իրենց համար կազմակերպված դասերի, սեմինարների (օրինակ՝ ակադեմիական գրագրության մասին, գիրք կարդալու և այն վերլուծելու հմտությունների մասին)։

Կարծում եմ՝ բուհերի ու դպրոցների նմանատիպ համագործակցությունը կարող է օգտակար լինել։ 12-ամյա կրթությունը չպետք է լինի պարտադիր, եթե մենք չենք կարողանում արհեստագործական կրթությունը հասանելի դարձնել գյուղաբնակ աշակերտների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս