Բուդապեշտում զբոսանավ է խորտակվել. կան զոհեր
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Դանուբ գետում, զբոսանավ է խորտակվել, որի վրա կար 32 մարդ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է յոթ հոգի, շարունակվում են եւս 16 մարդու որոնումները, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես նշում է MTI լրատվական գործակալությունը, զբոսանավի վրա եղել են հիմնականում հարավկորեացի զբոսաշրջիկներ: Հաղորդվում է, որ մոտորանավը բախվել է մեկ այլ նավի, որը խարիսխ ձգած կանգնած էր Բուդապեշտի խորհրդարանի շենքի դիմաց: Դանուբն արդեն որոշ ժամանակ վարարած է չդադարող անձրեւների պատճառով: Խորտակված նավը ենթադրաբար կոչվում է Hableany («Ջրահարս»):
Այն նախատեսված է 45 ուղեւորի համար: Ինչպես հետեւում է Հունգարիայի ՆԳ նախարարության հայտարարությունից, աղետից մոտավորապես մեկ ժամ անց ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է գտնել 18 մարդու, որոնցից 14-ը եղել են բավարար վիճակում: Մեկ մարդու հաջողվել է վերակենդանացնել, եւս երեքը մահացել են: