«100 տարի հետո կարո՞ղ է Մեսրոպ Մաշտոցն այլևս Սուրբ չհամարվել». Ավագանու «Լույս» խմբակցության անդամի նախագիծը մերժվեց
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ավագանու այսօվա նիստում ներկայացրեց Երևանի Մովսես Խորենացու փողոցը Սուրբ Մովսես Խորենացի անվանափոխելու վերաբերյալ նախագիծը։
Նա նշեց, որ այս անվանափոխության հետ կապված բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, այդ թվում՝ Առաքելական եկեղեցու կողմից։
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով Թ. Վարդանյանին, նշեց, որ, երբ նա նշում է, որ այդ «սրբի ընտրությունը կատարվել է իր սեփական նախընտրությամբ», արդյո՞ք չի կարծում, որ երևանցիները պետք է որոշեն, թե ում անունով պետք է անվանակոչեն այս կամ այն փողոցը։
«Միայն ավագանու առանձին անդամի սեփական նախընտրությունը ճիշտ չէ»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։
Պատասխանելով գործընկերոջը՝ Թեհիմնա Վարդանյանը նկատեց՝ հանձնաժողովի նիստի ժամանակ Իզաբելլա Աբգարյանի հնչեցրած կարծիքի համաձայն՝ նա դեմ է, օրինակ՝ Մեսրոպ Մաշտոցին, քանի որ իր երեխաները կարող է 15 տարի հետո պարզեն, որ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ չէ: «Սա Ձեր տեսակետն է, ճի՞շտ է, տիկին Աբգարյան»,- ընդգծեց Թ. Վարդանյանը։
«Եթե խոսում ենք տեսակետներից, իմ հիմնավորումներից մեկն այն էր, որ 100 տարի հետո տարբեր ձևերով կարող է փոփոխություններ տեղի ունենալ, և մենք ամենայն պատասխանատվությամբ պետք է վերաբերվենք այս հարցին։ Իսկ Ձեր կարծիքով՝ բոլոր այն երևանցիները, որոնք դեմ են, աղանդավոր են կամ հավատացյալ չեն, որի հետ ես բնավ համաձայն չեմ»,- արձագանքեց Իզաբելլա Աբգարյանը։
Թեհիմնա Վարդանյանը վստահեցրեց, որ Իզաբելլա Աբգարյանը խեղաթյուրում է իր ասածները:
«Երևանցին մեզ գործուղել է այստեղ, որպեսզի իր փոխարեն կայացնենք որոշումներ։ Ինչ վերաբերում է աղանդներին, ապա, եթե Դուք դա վատ բան եք համարում, ես այն չեմ համարում որպես վատ բան, մեկը կարող է աղանդավոր լինել, մյուսը՝ աթեիստ»,- ընդգծեց Թեհմինա Վարդանյանը։
Թ. Վարդանյանի ներկայացրած նախագիծն ավագանին մերժեց։
Զվարթ Խաչատրյան