Բրիտանացի լեյբորիստները կոչ են արել Մեյին՝ Brexit-ի մասին օրինագիծը քվեարկության չդնել խորհրդարանում. Reuters
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը կոչ է արել վարչապետ Թերեզա Մեյին՝ Brexit-ի մասին օրինագիծը քվեարկության չդնել խորհրդարանում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով լեյբորիստների՝ «Brexit-ի հարցերով ստվերային նախարար» Կիր Սթարմերի հայտարարությունը:
«Ես անկեղծորեն կարծում եմ, որ վարչապետի համար խելամիտ կլինի քվեարկության չդնել օրենսդրական միջոցների այդ փաթեթը»,-ասել է լեյբորիստների ներկայացուցիչը: Նա չափազանց թույլ է համարել Brexit-ի շուրջ փոխզիջման հասնելու այն առաջարկները, որոնք վարչապետը ներկայացրել է Լեյբորիստական կուսակցությանը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ վարչապետը նամակ է ուղարկել լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինին, որում կոչ է արել ընդդիմությանը՝ փոխզիջման գնալ եւ խորհրդարանում պաշտպանել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին օրինագիծը:
«Brexit-ի մասին օրինագիծը դա անելու մեր վերջին շանսն է: Ես կոչ եմ անում փոխզիջման գնալ, որպեսզի մեր երկու կուսակցությունները հասնեն այն բանին, ինչը խոստացել են իրենց հռչակագրերում, եւ վերականգնեն վստահությունը քաղաքականության նկատմամբ»,-գրել է Մեյը Քորբինին:
Մեծ Բրիտանիայի վարչապետը մայիսի 21-ին ներկայացրել է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը: Դրանում ներառված է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար: Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին:
Համայնքների պալատում քվեարկությունը, ինչպես հայտարարվել է ավելի վաղ, պետք է կայանա հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում: Մինչդեռ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը մայիսի 21-ին հայտարարել է, որ իր կուսակցությունը չի պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետի կողմից առաջարկված զիջումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: