Աբխազիայում նախագահական ընտրությունները հուլիսից կհետաձգվեն օգոստոս
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հավաստել է, որ ընդդիմությանն առաջարկել է պետության ղեկավարի ընտրությունները հուլիսից տեղափոխել օգոստոսի վերջը: Ինչպես հաղորդվում է նախագահի կայքում, նա առաջարկում է դրանք նշանակել օգոստոսի 25-ին։
Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ պետության ղեկավարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընտրությունները հուլիսի 21-ից օգոստոսի 26-ը տեղափոխելու շուրջ: Այդ հարցի վերաբերյալ երկրի խորհրդարանը որոշում կընդունի մայիսի 22-ին:
«Պետության ղեկավարն ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել նախագահական ընտրությունները 2019 թվականի օգոստոսի 25 տեղափոխելու հնարավորության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Միասնական Աբխազիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ , բանակցությունների մասնակից Սերգեյ Շամբան նույնպես ՏԱՍՍ-ին հաստատել է, որ խոսքը վերաբերում է քվեարկությունը օգոստոսի 25 տեղափոխելուն: Ավելի վաղ Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա էին հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով:
Ակցիայի մասնակիցները պահանջում էին հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում: Նրա հարազատները եւ գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող էին թունավորել:
Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան արդեն նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության է դրել 2014 թվականին, սակայն տանուլ է տվել հանրապետության ներկայիս ղեկավար Ռաուլ Խաջիմբային: Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականի հուլիսի 21-ին: