
ԱՄՆ-ում բողոքի երթեր են անցկացվել աբորտների իրավունքի սահմանափակման դեմ

Աբորտների իրավունքի սահմանափակման դեմ երթեր են տեղի ունեցել ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դժգոհության ալիք է առաջացրել ավելի վաղ Ալաբամայի նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում է կանանց աբորտի իրավունքները։
Նման մի բողոք է տեղի ունեցել նաեւ Վաշինգտոնում Գերագույն դատարանի մոտ, որը 46 տարի առաջ վճիռ է կայացրել «Ռոուն ընդդեմ Ուեյդի» հանրահայտ գործով: Այն սահմանել է աբորտի իրավունք համադաշնային մասշտաբով: Նահանգների մեծ մասը, սակայն, մտցրել է որոշակի սահմանափակումներ:
50-ից ավելի կազմակերպություններ են միավորվել #ԴադարեցնելԱրգելքները հեշթեգի եւ «Իմ մարմինը՝ իմ ընտրությունը» կարգախոսների ներքո: ԱՄՆ-ի մայրաքաղաքում բողոքի ակցիային մասնակցել են հարյուրավոր ակտիվիստներ եւ նույնիսկ նախագահի մի շարք թեկնածուներ Դեմոկրատական կուսակցությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: