«Այս ամենը Հայաստանում սուպերվարչապետական համակարգի առկայության լավագույն ապացույցն է». Քաղտնեխնոլոգը՝ վարչապետի կոչի մասին
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում, դրանից կարող ենք բազմաթիվ եզրակացություններ անել։ Փաստորեն գործադիր մարմնի ղեկավարի կոչով դատական համակարգը պարալիզացվել է կամ, իրավական լեզվով կարող ենք ասել, որ այդ որոշմամբ վերահսկողություն է սահմանվում դատական իշխանության նկատմամբ։ Որովհետև այն գործողությունները, որոնք տեղի են ունում, պատկանում են վերահսկողության ոլորտին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերը փակելու կոչին։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս ամենը խախտում է Սահմանադրությունը, քանի որ, ըստ Սահմանադրության՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինները պետք է լինեն անկախ, և որևէ մեկը մյուսի նկատմամբ չպետք է ունենա գերազանցություն՝ երեքն էլ պետք է լինեն իրավահավասար։
Նա նաև նկատեց, որ դատարանների մուտքերը փակել են սակավաթիվ մարդիկ, ինչն իրականում հանդիսանում է վարչապետի և նրա իշխող թիմի վարկանիշը։ Մինչդեռ նախորդ տարի, երբ վարչապետը կոչ էր անում փակել այս կամ այն պետական կառույցը, բազմաթիվ մարդիկ էին հետևում նրա կոչին։
«Այս պահից սկսած չենք կարող ասել, որ դատական համակարգի ցանկացած որոշում ցանկացած գործի վերաբերյալ լինելու է օբյեկտիվ։ Այս գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխեցին, սա ուղղակի գերազանց փաստարկ էր երկրորդ նախագահի փաստաբանին, որը միշտ ցանկանում էր ապացուցել, որ Քոչարյանի գործը զուտ իրավական չէ, այն քաղաքական գործընթաց է։ Հարց է առաջանում, եթե այս ամենը կապ չունի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հետ, ինչո՞ւ 10 օր առաջ նման որոշում չկայացրեցին։ Հիմա արդեն քաղաքացիները կասեն, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխվեց, և այս կոչը եղավ։ Մի պահ պատկերացրեք, որ Քոչարյանի խափանման միջոցը չի փոխվել, նման գործողության կոչ լինելո՞ւ էր, կարող ենք ասել՝ ոչ»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, այս ամենը նշանակում է, որ գործադիր մարմնին դուր չի եկել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Ուստի հարց է առաջանում, այս ամենը կարելի՞ է ընկալել՝ որպես մեսիջ, որ այսուհետև դատավորները պետք է առաջնորդվեն ոչ թե Սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով, այլ ունենան քաղաքական «հոտառություն» և դիտարկեն, թե վարչապետն այս կամ այն գործի վերաբերյալ ինչ որոշում կարող է կայացնել։
«Այս ամենը լավագույն ապացույցն է Հայաստանում սուպերվարչապետական համակարգի առկայության»,- ասաց նա։
Նա նաև հավելեց՝ ինչ որոշում էլ հետագայում կայացվի երկրորդ նախագահի գործի վերաբերյալ, այն հավատ չի ներշնչելու, քանի որ այս ամենից հետո բոլորը հավատում են, որ դատական համակարգն այլևս անկախ չէ, և բնավ կարևոր չէ՝ Ռոբերտ Քոչարյանին կարդարացնե՞ն, թե՞ կդատապարտեն։
Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նշել էր, որ պետք է «պաշարեն» դատարանները, Արմեն Բադալյանն ասաց, որ սրանից հետո, երբ մարդիկ դատարաններում ինչ-որ գործ կունենան, ցանկացած որոշման դեպքում, առաջին հերթին՝ փորձելու են ճանապարհ գտնել դեպի վարչապետին կամ նրա մերձավորներին, որպեսզի նրանց միջոցով կարողանան հարց լուծել։
«Դեռևս հստակ չէ, թե ինչպես կլինի Միացյալ Նահանգների և ԵՄ-ի արձագանքն այս գործողության վերաբերյալ, ենթադրելի է, որ արձագանքը խիստ բացասական է լինելու։ Այս ամենն իշխանափոխությունից հետո իր արձագանքը կարող է ունենալ՝ 5-10 տարի հետո, չի բացառվում»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան