Ինչու ԱՄՆ-ը դեռ էականորեն չի ընդլայնում ՀՀ-ին տրվող աջակցությունը

Նախօրեին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ իր առաքելության ստանձնումից 2,5 ամիս անց, ներկայացրեց ՀՀ-ում իր գործունեության ծրագրերն ու ուղեգծերը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների ձևավորած ավանդույթի համաձայն՝ նա անդրադարձ  կատարեց երկկողմ օրակարգի ամենաարդիական բոլոր թեմաներին, ոլորտներին։ Դեսպան Թրեյսին մանրամասնորեն անդրադարձավ երկկողմ համագործակցությանը, անցած գարնանը ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներին, աջակցության ծրագրերին, ծավալներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը և մի շարք այլ հարցերի։

Դեսպանը ելույթից առաջ լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում, խոսելով ՀՀ-ում առկա այն ակնկալիքներից, որ ԱՄՆ-ը պետք է ընդլայնի ՀՀ-ին տրվող աջակցությունը, և անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է մեծացնել ՀՀ-ին տրվող աջակցությունը, թե՞ դա կապված է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման հետ, ասաց, որ ԱՄՆ-ը իր ամուր հանձնառությունն է հայտնել աջակցելու ՀՀ-ի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին և տնտեսական զարգացումներին։ Նա հիշեցրեց, որ 1992 թվականից սկսած ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 2 միլիարդ դոլարի հասնող աջակցություն ՀՀ-ի անկախությանն և ինքնիշխանությանն աջակցելու նպատակով։

«Մենք պատրաստվում ենք շարունակել ներդրում կատարել Հայաստանում, և համաձայնագրերը, որ ստորագրվեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության համատեքստում, ևս փաստում են դա։ Բացի 16 միլիոնի համաձայնագրերից, մենք նաև հայտարարեցինք ԱՄՆ ՄԶԳ-ի մեկ այլ նախաձեռնության մեկնարկի մասին։ 2-3 տարի տևողությամբ մի ծրագիր, որն իր իրականացման առաջին տարում կունենա 6 միլիոն բյուջե։

Մենք կշարունակենք ուսումնասիրել, դիտարկել, թե ինչ ոլորտներում մեր աջակցության անհրաժեշտությունը կա։ Կարծում եմ նաև, որ մենք ունենք առողջ աջակցության բյուջե և աշխատում ենք այստեղ մյուս դոնորների հետ համատեղ։ Մենք սերտորեն համագործակցում ենք այլ դոնորների հետ, որպեսզի այդ ռեսուրսներն արդյունավետ ծախսվեն, և ՀՀ-ում մարդիկ վստահ լինեն, որ այդ միջոցները ծառայում են իրենց նպատակին»,- ասաց դեսպան Թրեյսին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀՀ նոր հարաբերությունները պետք է համապատասխանեն ՀՀ նոր կարգավիճակին։ Նա նշել էր, որ ԱՄՆ-ը գործնականում զրո արձագանք է տվել ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին՝ ակնարկելով ամերիկյան աջակցության ծավալների շրջանում փոփոխության բացակայությունը։
Մեզ հետ զրույցում ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն ասաց, որ դեսպանը ճիշտ շեշտադրումներով է անդրադարձել խնդրին՝ ներկայացնելով ՀՀ-ին տրված ԱՄՆ աջակցության ծավալային ցուցանիշը, որը բավականին էական թիվ է։

Ըստ նրա, ԱՄՆ-ը մշտապես աջակցել է ՀՀ-ի զարգացմանը և կշարունակի դա անել՝ ըստ Հայաստանի կարիքների։ «Ամերիկյան կողմն ասում է, որ դիտարկելու է Հայաստանի կարիքները, և ըստ դրա՝ փոփոխությունների կենթարկի աջակցության բյուջեն, այդ ուղղությամբ իր կարիքները պետք է ներկայացնի նաև հայկական կողմը։ ԱՄՆ-ը նախապես չի կարող պատկերացնել, թե ինչ է հարկավոր ՀՀ նոր իշխանությանը։ Ամերիկյան կողմը նաև ասում է, որ այն, ինչ Հայաստանը սովարաբար ստացել է, ամենևին էլ քիչ չէ՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական-տնտեսական հարաբերությունների խորությունն ու որակը»,- ասաց նա։

Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանեց, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։

Ըստ նրա, Վրաստանը շատ ավելի խորը հարաբերությունների է ձգտում Միացյալ Նահանգների հետ, ընտրել է զարգացման եվրոատլանտյան ուղին։ Գոբլի որակմամբ, այս առումով Հայաստանն ու Վրաստանն այլ հարթությունների վրա են։ Նրա խոսքով՝ դա ենթադրում է, որ կա տարբերությունների աջակցությունների ծավալների միջև, քանի որ ավելի խորը հարաբերությունները ենթադրում են համագործակցության ընդլայնված օրակարգ, շատ ավելի շատ ծրագրեր ու խողովակներ, որոնց միջոցով այդ միջոցները հասնում են գործընկեր երկիր։

«Հայաստանի քաղաքական հավակնություններին համապատասխան՝ աջակցության այս ծավալներն ամերիկյան կողմի համար բավարար են թվում։ Հայաստանն իր արտաքին քաղաքական հակվածությունը դեպի Ռուսաստան չի փոխել, Ռուսաստանի հետ կան այդ բավարար խողովակները, իսկ Նահանգների հետ՝ ոչ։ Ուստի պետք է շատ ավելի ակտիվ աշխատել, ներկայացնել սեփական կարիքները՝ դրանք տեղավորելով քաղաքական համագործակցության շրջանակներում։

Միացյալ Նահանգները չի կարողանում շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով զբաղվել որոշ խնդիրներով, ինչպիսին, օրինակ, ԼՂ հակամարտությունն է, ուստի դա պետք է անի ՀՀ-ն, եթե գտնում է, որ կան խնդիրներ, նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի՝ ներկայացնելով սեփական կարիքները, քաղաքական առաջնահերթությունները, մեկնաբանի կայացրած այն որոշումները, որոնք գուցե անհանգստությունների պատճառ են դառնում Միացյալ Նահանգներում, հատկապես, երբ սա ԱՄՆ ազգային ուղիղ շահերի գոտուց հեռու տարածաշրջան է, որին ԱՄՆ-ը ընդհանուր առմամբ դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն»,- ասաց փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս