«Ղարաբաղյան բանակցությունները կրկին փակուղային ու անկանխատեսելի փուլ են մտնում»․ Տարասով
Հարցազրույց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, կովկասագետ Ստանիսլավ Տարասովի հետ
– Պարոն Տարասով, լրացավ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքված հրադադարի համաձայնագրերի 25-ամյակը, որի կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ կարևորելով 25 տարի առաջ կնքված համաձայնագրերը՝ որպես երեք կողմերի միջև ստորագրված միակ անժամկետ փաստաթուղթ, այլև հիշեցնելով 2016թ. Վիեննայի բարձրաստիճան պայմանավորվածությունների մասին, որոնք ըստ էության ՀՀ նոր իշխանությունների հրապարակային բառապաշարից դուրս էին մղվել Դուշանբեի պայմանավորվածություններից հետո և միայն վերջերս են կրկին հայտնվել պաշտոնական հաղորդագրություններում։ Զուգահեռաբար՝ կա փոփոխություն ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին։ Տպավորություն է, որ գործընթացը՝ բանակցությունները և իրավիճակը շփման գծում, վերադառնում են 2-3 տարի առաջ ստեղծված իրավիճակին։ Ի՞նչ եք կարծում այս մասին։
– Բիշքեկյան համաձայնագրերն առանձնահատուկ, իրենց տեսակի մեջ միակ փաստաթղթերն են, որոնք կնքել են հրադադար (հրադադար, ոչ թե խաղաղություն) երեք կողմերի միջև։ Սա միակ իրավական փաստաթուղթն է, ուստի ներկայումս, երբ խոսում են հակամարտության կարգավորման իրական բանակցությունների մասին, որոնք թույլ կտան կարգավորում, շատ փորձագետներ, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, դիտարկում են այս փաստաթուղթը։ Կա կարծիք նաև, որ առանց ԼՂ մասնակցության՝ բանակցություններն այդպես էլ կլինեն պարզապես բանակցություններ՝ առանց կարգավորման, այսինքն՝ իրական տեղաշարժեր չեն լինի, բայց այս փաստաթուղթն ապացույց է ԼՂ մասնակցության կարևորության մասին։
Երկրորդ հանգամանքը. եղան Դուշանբեի բանավոր պայմանավորվածությունները Փաշինյանի և Ալիևի միջև, իրավիճակը շփման գծում սկսեց փոխվել դեպի լավը, բայց վերջին շրջանում իրավիճակը սկսեց վատթարանալ, քանի որ բանակցային վերջին բոլոր հանդիպումները ցույց տվեցին, որ, չնայած հանդիպումներին, բանակցություններին և այլն, իրավիճակը տեղում դոփում է: Հայաստանը սկսեց ավելի ակտիվ առաջ մղել Ստեփանակերտի՝ բանակցությունների մասնակցության հարցը, Ադրբեջանը սկսում է հասկանալ, որ հետագա ընթացքն այս բանակցությունների ուղղությամբ, փորձերը՝ «ավելի լավ խաղալ», քան Փաշինյանը, որևէ արդյունքի չեն հանգեցնում։ Բնականաբար, այս ամենից հետո սկսում են խախտվել Դուշանբեի պայմանավորվածությունները։
Հայկական կողմը կիրթ է գործում ներկա դրությամբ, քանի որ ապրիլյան պատերազմից հետո իսկապես եղան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնցում դիտարկվում էր շփման գծում մոնիտորինգային համակարգերի ներդրումն ու միջազգային դիտորդների տեղակայումը, որը հրադադարի խախտումների դեպքում կֆիքսեր, թե որ կողմն է իրականացրել խախտումը, թե ով է մեղավոր։ Իսկ ներկայումս, առանց մշտական մոնիտորինգի, ցանկացած միջադեպ կողմերից յուրաքանչյուրը կարող է ծառայեցնել իր օգտին։ Ուստի, որպեսզի այս խնդիրը վերանա, միջազգային դիտորդներ պետք է լինեն սահմանին ու շփման գծում։ ԵԱՀԿ ՄԽ-ն չկարողացավ այս խնդիրը լուծել, և հայկական կողմը ներկայումս փորձում է Վիեննայի գործընթացն առաջ մղել, որը տրամաբանական է։
Բայց այստեղ մեկ այլ հարց կա. 1994 թվականի իրական ստորագրված փաստաթուղթ կա, Դուշանբեում բանավոր ինչ-որ համաձայնություն եղավ, բայց կարելի էր այդ առիթն օգտագործել՝ իրավաբանորեն պարտավորեցնող ինչ-որ համաձայնագիր ստորագրելու համար, որպեսզի պատերազմական իրավիճակը դադարի՝ խաղաղ գործընթացի անցում կատարելու նպատակով։ Ցավոք սրտի, Դուշանբեի պայմանավորվածությունները չհանգեցրին խաղաղ համաձայնագրի կամ իրավիճակի ձևավորման, ուստի ներկայումս, այսպես կոչված, սիմվոլիկ լարումը սպասելի էր և տրամաբանական։
– Ըստ Ձեզ՝ սա պարզապես սիմվոլիկ լարո՞ւմ է, և առաջիկայում ևս հանգի՞ստ է լինելու շփման գծում։
– Վերջին ամիսների ընթացքում պաշտոնական բանակցությունները դինամիկ կերպով առաջ էին ընթանում, Մամեդյարովը հայտարարեց, որ ամերիկացիներն են ցանկանում հանդիպում կազմակերպել, այնինչ մինչ դա և ավանդաբար Ռուսաստանն ակտիվ դերակատարություն է ունեցել՝ Փաշինյանը զանգում էր Պուտինին, Պուտինը՝ Ալիևին, այս եռանկյունու շրջանակում ինտենսիվ երկխոսություն տեղի ունեցավ Ղարաբաղի շուրջ, դա փաստ է։ Իսկ ներկայումս ամերիկյան նախաձեռնության մասին է խոսվում, որի ընթացքում ևս մեկ պաշտոնական հանդիպում պետք է կազմակերպվեր Փաշինյանի և Ալիևի միջև, սակայն պաուզա է ստեղծվել, և ամերիկացիները կարծես թե պատրաստ չեն, նրանք ամսաթիվ չեն հայտնում։
– Գուցե դա պայմանավորված է այն հեռանկարով, որ Բրյուսելում նախատեսվում է հանդիպում Փաշինյանի և Ալիևի միջև։
– Գուցե, բայց ես տեսնում եմ, որ ամերիկացիները լռում են, քանի որ, եթե ցանկանում են կազմակերպել նախարարական մակարդակով հանդիպում, ապա նրանք պետք է գործեն Ռուսաստանի մակարդակով, իսկ Ռուսաստանի մակարդակով ԱՄՆ-ում պետք է աշխատի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ նրանք ներկայումս այլ գործերով են զբաղվում և Ղարաբաղի համար չունեն ժամանակ։ Առաջացել է պաուզա, գործընթացի նախկին դինամիկայի արգելակում, և այդ պաուզա են ներխուժում բացասական գործոններ, ինչպիսիք են շփման գծում հրադադարի խախտումները։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ օրակարգով կարող է լինել ամերիկյան հովանու ներքո հանդիպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին նախարարական մոսկովյան հանդիպումից հետո Մամեդյարովը խոսեց ռուսական առաջարկների մասին, չնայած դա հերքվեց հայկական կողմի կողմից։
– Եկեք միայն փաստերով խոսենք։ Մինչ այս պահը համանախագահները միայն միասնաբար են հանդես եկել, չեղյալ չեն հայտարարել այլ հայտարարություններ, որոնք եղել են։ Դա ենթադրում է, որ նրանք ինքնուրույն գործողությունների սցենար չունեն։
– Իսկ ռուսական կողմն ունի՞։
– Ոչ, չունի։ Ռուսական կողմը փորձում է նպաստել բանակցություններին, որպեսզի պատերազմական գործողություններ չվերսկսվեն։ Ինչպես հիշում եք, ԵԱՀԿ ՄԽ-ն տարածել էր Մադրիդյան սկզբունքները, դրանք իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ չեն, քանի որ կողմերն այն չեն ստորագրել և պարզապես համաձայնել են այս սկզբունքների շուրջ խոսակցություն վարել։
Բայց այս սկզբունքների իրականացման հերթականության շուրջ կա մեծ դիսկուրս, մեծ քննարկումներ կան՝ ազատագրել շրջանները, ճանաչել Ղարաբա՞ղը, թե՞ ճանաչել Ղարաբաղը, հետո ազատել շրջանները։ Իրավիճակը ներկայումս այնպիսին է, որ ինչպես՝ հայերը, այնպես էլ՝ ադրբեջանցիները կարող են ցանկացած պահի հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից։ Իսկ ինչո՞վ այն փոխարինել։ Բաքվում, օրինակ, բավականին ոգևորությամբ ընդունեցին փաստը, որ ամերիկացիները Ղարաբաղյան նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում, թեև Ադրբեջանի ԱԳՆ-ն Լավրովի և Պուտինի հետ շփվում էր, ինչպես Փաշինյանը։
Ամերիկացիները չունեն որևէ սցենար, քանի որ, եթե նրանք սցենար ունենային, որը ձեռնտու կլիներ Բաքվին, վաղուց դա առաջ կմղեին, և Բաքուն կողջուներ դա։ Միակ բանը, որը նրանք ներկայումս կարող են անել, դա ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշումը հաստատելն է։ Եթե լինի նման նախաձեռնություն, փաստ չէ, որ դա ընդունելի է լինելու Ադրբեջանի համար, եթե նույնիսկ ընդունելի լինի, պետք է ենթադրի զիջումներ Ադրբեջանից իրանական ուղղությամբ, հենց այնպես ամերիկացիները որևէ քայլ չեն անելու Ադրբեջանի օգտին։ ԱՄՆ-ում հայկական ներկայությունը ևս գործոն է ընտրությունների շեմին։ Չեն կարողանում իրենց գործողությունների սցենարը մշակել։
Եթե լուրջ խոսենք, ապա ԱՄՆ-ը առանձին Ադրբեջանին, Հայաստանին կամ Վրաստանին ուղղված քաղաքականություն չունի, քանի որ տարածաշրջանը դիտարկում է մեկ ամբողջություն։ Արևմտյան աջակցություն Ղարաբաղյան ուղղությամբ ես չեմ տեսնում։
– Այսօրվա բանակցային օրակարգն ի՞նչ հեռանկարներ ունի։
– Բանակցությունները փակ բնույթ են կրում, թեև որոշվում է ժողովուրդների ճակատագիր, ուստի դրանց մեծ մասը պետք է հնչեցվի։ Հույսեր կային, որ Փաշինյանը, ով հեղափոխական է, ավելի բաց կգործի, բայց հարցն այն է, որ նա շատ հայտարարություններ է անում, բայց ոչ մի կոնկրետ բան չի անում, բացի Ղարաբաղի մասնակցությունից, գործում է նախկին ձևաչափով, հանդիպում է Ալիևի հետ, Ղարաբաղյան ուղղությամբ միայն խոսքեր են։ Եթե նա ասեր, որ առանց Ղարաբաղի՝ չի բանակցում, դա այլ հարց կլիներ։ Բայց մտացածին են, թե այդ դեպքում պատերազմ կսկսվեր։ Ադրբեջանը հույսեր ուներ Փաշինյանից զիջումներ ստանալ, բայց զիջումներ Փաշինյանը չի անում։
Կրկին փակուղային իրավիճակ է։ Հումանիտար պայմանավորվածությունները կիրթ քայլեր են, բայց դրանք պետք է լինեն այլ գործողությունների հետ համատեղ, տեղեկատվական պատերազմի ոլորտում գործուն քայլեր, բարենպաստ մթնոլորտ ժողովուրդների մակարդակում չենք տեսնում, տեղեկատվական պատերազմը շարունակվում է։
Բանակցությունները փակուղի են մտել, նոր առաջարկներ չկան, թե ինչպես կընթանան զարգացումներն այսուհետ՝ բարդ է ասել։ Իրավիճակը տեղից կշարժվի, եթե Բաքուն և Երևանը սպառնալիք զգան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների տեսքով, ինչի հնարավորությունը կա Հարավից՝ Իրանից: Ամերիկացիները սեղմում են օղակը Իրանի շուրջ, և այնտեղ ներքին ցնցումները կարող են շոշափել նաև տարածաշրջանը՝ կողմերին մղելով զիջումների հակամարտության գոտում։