Հոբբին` դատի տալ պետության ղեկավարներին

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, ու քաղաքացի Խաչատուր Ղալեչյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Հայցվոր Խաչատուր Հրանտի Ղալեչյանը 2019թ. մարտի 25-ին փոստային ծառայության միջոցով հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատասխանողին ստախոս և բարոյազուրկ ճանաչելու, հայցվորից ներողություն խնդրելու և բարոյական վնասի փոխհատուցման պահանջների մասին, որը դատարան է ստացվել ապրիլի 5-ին:

Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանի աշխատակազմին է հանձնվել 2019թ. ապրիլի 11-ին:
Դատարանը, ուսումնասիրելով գործում առկա փաստաթղթերը, գտել է, որ ներկայացված հայցադիմումը ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում է դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը:

Հայաստանի Հանրապետությունում գործում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
Ներկայացված հայցադիմումում դատարանի անվանումը նշված է «Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի  առաջին ատյանի դատարան /ը/իր/», մինչդեռ հայցադիմումը ներկայացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հետևաբար՝ ճիշտ չի նշվել դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը:

Բացի դրանից, ներկայացված հայցադիմումում հայցվորի և պատասխանողի հասցներից պարզ չէ, թե դրանք ինչ հասցեներ են, ինչպես նաև հայցադիմումում պարտադիր պետք է նշվի հայցվորի անձնագրային տվյալները, որը, սակայն, չի կատարվել:

Հայցը մերժելու պատճառ է նաև այն, որ դատարանը գտել է, որ հայցադիմումի մեջ պարզ և հստակ ներկայացված չէ նաև հայցվորի պահանջը:

Սրանք էլ հենց հիմք են հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար:

Սրան հետևել է հայցվոր Խաչատուր Ղալեչյանի բողոքը վերաքննիչ քաղաքացիական դատարան: Այնտեղից նույնպես բողոքը հետ է վերադարձվել, քանի որ դատավոր Ա. Խառատյանը ս/թ մայիսի 3-ին որոշել է, որ բողոքում պահպանված չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի, 4-րդ և 5-րդ, 6-րդ կետերի պահանջներն առ այն, որ վերաքննիչ բողոքում պետք է նշվի նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մաuին, որն ազդել է գործի ելքի վրա և վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպեu նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, հստակ նշված չէ բողոքաբերի պահանջը: Բացի այդ, բողոքը նաև ընթեռնելի է մասամբ:

Վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կհամարվի դատարանում ընդունված, սակայն բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվի:

Ուշագրավ է, որ այս հայցադիմումը քաղաքացի Խաչատուր Ղալեչյանի միակ հայցադիմումը չէ պետության ղեկավարների դեմ:

2008թ. հոկտեմբերի 15-ին նա դիմել է Երևան քաղաքի քաղաքացիական դատարան` ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի:

Այդ հայցադիմումը նույնպես չի ընդունվել դատարանի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս