Զարուհի Բաթոյանը նոր թեկնածու ունի

Կառավարությունում դեռևս Նիկոլ Փաշինյանի ստորագրմանն է սպասում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, նախօրեին ՀՀԿ-ական Արտակ Գրիգորյանը նախարար Զարուհի Բաթոյանին էր ներկայացրել իր ազատման դիմումը, իսկ երեկ այն ներկայացվել էր կառավարություն:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Զարուհի Բաթոյանն այսօր աշխատակազմի ղեկավարի երկու հավակնորդ թեկնածու է դիտարկել և, ըստ մեր աղբյուրի՝ բացառված չէ, որ նրանցից մեկի անունը երկուշաբթի ուղարկվի Կառավարության կարծիքին: Թեկնածուն, ում նախապատվություն է տվել նախարար Զարուհի Բաթոյանը, համակարգի ներսից է: 30-ամյա Ստեփան Մաչյանը նախարարի խորհրդականն է՝ հասարակական հիմունքներով, համակարգ է եկել հեղափոխության արդյունքում՝ հենց Բաթոյանի միջոցով:

Նշենք, որ նախարարության ներսում ավելի հանդուրժողաբար են մոտենում անփորձ կադրի ընտրությանը՝ նշելով, որ Ստեփան Մաչյանն այս դեպքում ավելի նախընտրելի է կազմի և Բաթոյանի համար, քան դրսից պարտադրվող մեկ այլ թեկնածու, ում հետ աշխատելը կնշանակեր՝ երկու նախարար՝ մեկ նախարարության ներսում:

Իսկ Բաթոյանը, ասում են, կադրերի ներմուծում չի հանդուրժում՝ անկախ այն բանից՝ միջնորդը 1996թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ նշանակված Զարեհ Սարգսյանի որդիները՝ Նաիրի և Հայկ Սարգսյան եղբայրնե՞րը կլինեն, թե՞ «Իմ քայլ»-ական ցանկացած այլ հեղափոխական:

Ի դեպ, նախարարությունում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ստեփան Մաչյանի նշանակման հարցում, հնարավոր է՝ խանգարող հանգամանքներ առաջ գան: Պետական համակարգում վերջերս արդիական դարձած ստաժի բացակայությունը սպառնում է նաև այս թեկնածուին, հեղափոխական շատ կադրերի պես նրան ժպտացել է բախտը, սակայն խանգարում է օրենքի պահանջը:

Բաթոյանին վստահելի կադրին չի բավարարում պաշտոնի անձնագրի համար պահանջվող 5 տարվա պետական կառավարման ստաժը: Որքանո՞վ իրավիճակը կփրկի քաղծառայողի օրենքում պաշտոնի անձնագրերի համար կատարված ներկայիս փոփոխությունները, և ընդհանուր առմամբ ո՞ւմ հետ կնախընտրի աշխատել Բաթոյանը սոցիալական պաշտպանության ոլորտում, հավանաբար հայտնի կդառնա երկուշաբթի։ Այդ օրը նախարարը պատրաստվում է իր պաշտոնավարման 100 օրերի կատարած աշխատանքը ներկայացնել՝ ասուլիսի ֆորմատով:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս