Հերթական ՀՀԿ-ական պաշտոնյան հրաժարական տվեց

Քիչ առաջ դարձավ, որ հրաժարական է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը: Նախկին իշխանության ներկայացուցիչը հրաժարական է տվել հետհեղափոխական Հայաստանում՝ պետական կառավարման համակարգում քրոնիկ դարձած «հներ ու նորեր» կամ «սևեր ու սպիտակներ» անհաշտ պայքարի ենթատեքստում:

Մասնավորապես այս պաշտոնյայի դեպքում, հրաժարականի հիմնական պատճառներից մեկը նրա ՀՀԿ-ական ծագումն են համարում, ինչպես կառավարությունում կատակում են նորերը՝ «ՀՀԿ-ական լինելը հոգեբանական տրավմա է թազա շեֆերի համար»:

2009 թվականից համակարգ եկած Արտակ Գրիգորյանը նախարար Զարուհի Բաթոյանի հետ լարված հարաբերություններ չի ունեցել, սակայն, ըստ մեր աղբյուրի, եղել է նախարարությունում «իզգոյի» պես՝ մեկուսացված վիճակում: Ասում են, այսպիսին է նախարարության ներսում շատ-շատերի կարգավիճակը և այնքան ժամանակ՝ քանի դեռ նախարարի հետ կոնտակտի առիթներ շատ չեն ունենում:

Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման շրջանում այս համակարգի ներսում դժգոհողները շատ չեն՝ մանավանդ, երբ համեմատությունն արվում է նախկինի՝ Մանե Թանդիլյանի պաշտոնավարման շրջանի հետ, բայց Բաթոյանը խաղաղասեր ու նվիրված լինելով հանդերձ, ասում են, ճիշտ այն հոգեվիճակում է, ինչում կարելի է հայտնաբերել Նոր Հայաստանի ցանկացած նոր ու անփորձ պաշտոնատար անձի:

«Եթե Մանե Թանդիլյանն էքսցենտրիկ էր, մեկ էլ հրատապ ժողովներ էր հրավիրում ու մինչև փոխնախարարների կաբինետ մոտենալը՝ կտրուկ հրաժարվում էր մարդկանց ընդունել, ուղղորդում էր,  թե՝ գնացեք, իմ օգնական Մագդայի կամ առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի մոտ, կամ ամեն մի օրենսդրական նախաձեռնություն տանելիս՝ միանգամից կասկածում էր, թե դրա տակ հեղինակն ինչ-որ շահ ունի, և օրվա մեծ մասը՝ սենյակում փակված, ժամավաճառությամբ էր զբաղված, ապա Զարուհի Բաթոյանը բոլորովին ուրիշ է:

Բաթոյանը մարդկանց թույլ է տալիս, որ օգնեն իրեն, իսկապես ուզում է ինչ-որ բան անել, պարզապես դանդաղ տեմպով դեռ իր դաշտն է ուսումնասիրում, չգիտի՝ այդ ահռելի ոլորտում ինչը՝ որտեղ է, որտեղից սկսել, որ արդյունք երևա»,- մեզ հետ զրույցում նախարարությունում հետհեղափոխական շրջանն այսպես են բնութագրում նախարարության աշխատակիցները:

Բայց այսքան դրական կողմերով հանդերձ, ասում են, Զարուհի Բաթոյանը հիվանդագին կասկածամտություն ունի:

«Չենք թաքցնում՝ նույն լարված զգուշավորությունը խանգարում է նաև Զարուհի Բաթոյանին, քանի որ ինքն էլ, հեղափոխական մյուս պաշտոնյաների պես, վարակվել է հների նկատմամբ չպատճառաբանված անվստահությամբ: Եվ այս կասկածամտությունը գալիս է շատ բան չիմանալուց»,- եզրակացնում են ոլորտի հնաբնակները, որոնք աշխատել են համակարգում տարբեր նախարարների օրոք։

Վարկած կա, որ Նիկոլ Փաշինյանը կստորագրի Արտակ Գրիգորյանի հրաժարականի դիմումը, և այս մեկը չի ուղարկվի հետ, ինչը եղավ նախորդ շաբաթ՝ Կապի և տրանսպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի՝ Սամվելի Ամիրխանյանի դեպքում: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություների համաձայն՝ Սամվել Ամիրխանյանը շուտով, հնարավոր է, նոր պաշտոն ստանա ՀԷՑ-ում:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս