Բաժիններ՝

Դատարանը կպարտադրի ներկայացնել աշխատանքից ազատված լրագրողներին վերաբերող որոշման մասին փաստաթուղթը

Այսօր ՀՀ վարչական դատարանում դատավոր Սերգեյ Հովակիմյանի նախագահությամբ սկսվեց Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի լրագրողներ Լիանա Կարապետյանի և Սիրանույշ Մուրադյանի՝ ընդդեմ հեռուստառադիոխորհրդի կայացրած որոշման հայցի քննության նախնական լսումը։

Հիշեցնենք, որ ամանորյա տոներից հետո՝ հունվարի 11-ին, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ ղեկավար Պետրոս Ղազարյանը «Լուրեր» ծրագրի՝ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մի քանի լրագրողների, այդ թվում՝ Լիանա Կարապետյանին ու Սիրանույշ Մուրադյանին, հետտոնական «անակնկալ» էր մատուցել՝ վերջիններիս աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր հանձնելով, որում նշված է, որ իրենց աշխատանքային պայմանագիրը լուծվում է 2019թ. մարտի 1-ից՝ հաստիքի կրճատման պատճառով։

Լրագրողները հետևողական գտնվեցին ու դիմեցին դատարան իրենց խախտված իրավունքները վերականգնելու, իրենց նկատմամբ կայացված կամայական որոշումը բողոքարկելու համար։ Նրանք համարում են, որ այդ որոշումը հիմնավորված ու պատճառաբանված չէ և ամբողջովին ապօրինի է։

Պատասխանող կողմը՝ Հանրային հեռուստաընկերության խորհուրդը, ներկա չէրնախնական դատական նիստին, սակայն պաշտպանական կողմը չառարկեց նիստը առանց վերջիններիս ներկայացուցիչների շարունակելուն, քանի որ նրանք պատշաճ ծանուցված են եղել։

Դատական նիստին ներկա էր միայն Հ/Ը ներկայացուցիչը՝ փաստաբան Արսեն Թավադյանը։

Վերջինս նախագահող դատավորին միջնորդություն ներկայացրեց Հանրային հեռուստաընկերությանը՝ որպես երրորդ կողմներգրավելու, քանի որ կայացված դատական ակտն անմիջականորեն կշոշափի Հանրայինի հետաքրքրությունները, այսինքն՝ եթե կայացվի հօգուտ աշխատանքից ազատված լրագրողների վճիռ, փոխվելու են հաստիքացուցակները, հետևաբար՝ Հանրայինին՝ որպես երրորդ անձ ներգրավելու անհրաժեշտություն կա։ Պաշտպանական կողմն այս հարցի վերաբերյալ առարկություն չուներ։

Դատարանը սույն գործով որպես երրորդ անձ ներգրավեց «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին, ապա հայցվորի ներկայացուցիչը ներկայացրեց հայցի առարկան, որն ըստ էության վիճարկման հայցատեսակ է։

Դատավորը հարցրեց, թե ինչո՞ւ են վիճարկում ողջ որոշումը, այլ ոչ դրա՝ միայն իրենց վստահորդներին վերաբերող մասը։

Պաշտպանական կողմը հայտնեց, որ իրենք չեն առարկի նաև հայցի մասնակի ճանաչմանը, իսկ ողջ որոշումն են վիճարկում, քանի որ համահայցվորները ստացել են ծանուցումներ, համաձայն որոնց՝ նրանց հետ կնքված պայմանագրերը լուծվում են, այսինքն՝որոշումը վերաբերում է նաև նրանց։ Ըստ էության Հանրային հեռուստաընկերության խորհրդի՝ 46-Լ որոշմամբ փոխվել է հաստիքացուցակը, որոնցում իրենց վստահորդների տվյալները նշված չեն։

Դատարանը Հ/Ը ներկայացուցչից պահանջեց սույն որոշումը կամ հավելվածը, առանց որի՝ դատարանը չէր կարող պատկերացում կազմել խնդրո առարկա հայցի վիճարկելի թեմայի մասին։ Պատասխանողն ասաց, որ իր ձեռքի տակ տվյալ պահին չկա այդ փաստաթուղթը։

Դատավոր Ս. Հովակիմյանը հարցրեց, թե կարո՞ղ է վերջինս արդյոք ճշտել՝ իրենց կտրամադրե՞ն այդ փաստաթուղթը, թե՞ դատարանն իր իրավասության շրջանակում կպահանջի այն, ինչին պատասխանող կողմն ասաց, որ կարող է։

Հայտարարվեց 1 րոպե տեխնիկական ընդմիջում, որից հետո Ա. Թավադյանն ասաց, որ խոսել է Հանրայինի կադրերի պատասխանատուի հետ, և վերջինս ասել է, որ քաղվածքի ձևով կտրամադրի այդ փաստաթուղթը։

Սրանով դատական նիստը համարվեց ավարտված։ Այն հետաձգվեց մինչև այդ փաստաթղթի ստացումը։ Ժամկետի մասին դատարանը կծանուցի լրացուցիչ։ Կնշանակվի ևս մեկ նախնական դատական նիստ։

Դատական նիստից հետո 168.am-ի հետ զրույցում դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Հակոբյանն ասաց, որ, որպեսզի այս գործը տեղից շարժվեր, անհրաժեշտ էր, որ պետական մարմինը ստանա 46-Լ որոշման հավելվածը, որի համաձայն՝ որոշվել է փոխել հաստիքացուցակը, ինչի արդյունքում Լիանա Կարապետյանն ու Սիրանույշ Մուրադյանը դուրս են մնացել նրանից, և նրանց աշխատանքային պայմանագրերը պետք է լուծվեն։

«Մեզ այդ ցուցակը չի տրամադրվել, մենք ընդամենը եզրակացնում ենք, որ այդ հաստիքացուցակում նրանց անունները չկան։ Մենք սկզբից դիմեցինք, որ տրամադրեն այն։ Նրանք մերժեցին։ Մեր երկրորդ փորձն այն էր, որ դատարանին միջնորդություն ներկայացրինք, որ նա ինքը պահանջի այդ հավելվածը։ Դատարանն արդեն ս/թ փետրվարի 22-ին որոշում էր կայացրել ապացույց պահանջելու մասին, սակայն առ այսօր պատասխանող կողմը ոչ միայն հայցադիմումի պատասխանը չի ներկայացրել, դատարանի պահանջով չի տրամադրել հավելվածները, այլև այսօր առհասարակ չի ապահովել իր ներկայությունը դատական նիստին»,- մեկնաբանեց փաստաբանը։

Մեր այն հարցին, թե որն էր դատական նիստին չներկայանալու՝ պատասխանող կողմի տրամաբանությունը կամ պատճառը, Վ. Հակոբյանն ասաց, որ դա իրավաբանորեն իրենց իրավունքն է՝ ներկայանալ նիստին կամ ոչ, և, թերևս, սա միայն ժամանակը ձգելու փորձ կարող է դիտվել։

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Թավադյանը խոստացավ մեր հարցերին պատասխանել հաջորդ դատական նիստի ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս