Բեկումնային եպիսկոպոսաց ժողովը. Սուրեն Սուրենյանցը՝ ժողովում հնարավոր սցենարների մասին
Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ նոյեմբերի 4–7-ի Գերագույն հոգևոր խորհրդի քննարկումներից հետո դեկտեմբերի 10–12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցերը։
Այս ժողովը, առանց չափազանցնելու, կրում է բեկումնային նշանակություն։
Այստեղ այլևս առաջնային չեն ընթացիկ վարչական կամ կարգապահական հարցերը։
Առկա է Եկեղեցու կանոնական կարգի, հեղինակության ու ինստիտուտի ինքնիշխանության լուրջ փորձությունը՝ պայմանավորված իշխանական ուղղորդված ճնշումներով ու դրա հետևանքով առաջացած ներքին տրոհմամբ:
10 հերձվածող և անհնազանդ Սրբազաններ պահանջում են Վեհափառի հրաժարումը՝ փաստացի գործիք դառնալով իշխանության ձեռքին։
Նրանց քայլերը հակասում են եկեղեցական ավանդույթին և ուղղված են Մայր Աթոռի ներսում ճեղք առաջացնելուն։
Մյուս կողմից՝ անազատության մեջ գտնվող Միքայել արք․ Աջապահյանը և Բագրատ արք․ Գալստանյանը պահանջում են դադարեցնել հերձվածական վարք դրսևորած առաջնորդների պաշտոնավարումը՝ ընդգծելով, որ նրանց գործողությունները ինքնին արդեն իսկ դատավճիռ են իրենց կարգավիճակի համար։
Այս ներքին ճգնաժամը զուգորդվում է իշխանության կողմից Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ կիրառվող օրեցօր սաստկացող ճնշումներով՝ վարչական, քարոզչական և քաղաքական մեխանիզմների միջոցով։
Այս ամենը միտված է թուլացնելու այն ինստիտուտը, որը դարերով եղել է մեր ինքնության, դիմադրողականության կրողներից մեկը։
Ի՞նչ սցենարներ են հնարավոր եպիսկոպոսաց ժողովում
Կանոնական կարգի վերականգնում
Ժողովը վերականգնում է ներքին կարգուկանոնը, և հերձվածական վարք դրսևորած Սրբազանների նկատմամբ կիրառվում են համապատասխան միջոցներ։
Նման հանգուցալուծման պարագայում՝ Եկեղեցին դուրս է գալիս ճգնաժամից՝ համեմատաբար միավորված և ներքին կայունությամբ։
Բաժանարար գծերի խորացում
Եթե հերձվածող Սրբազանները չընդունեն ժողովի որոշումները, հակամարտությունը կարող է դուրս գալ բաց հակադրության փուլ։
Իշխանության համար այս զարգացումն ամենաձեռնտուն է. այն իշխանության պրոպագանդան կօգտագործի՝ Եկեղեցու ճգնաժամը ներկայացնելով որպես «ներքին ապստամբություն»։
Ճգնաժամի կառավարում
Եթե քննարկումներում գտնվեն համաձայնության և հանգուցալուծման ներքին մեխանիզմներ, հնարավոր է խուսափել բաց առճակատումից։
Կոմպրոմիսների դեպքում՝ պահպանվում է Եկեղեցու արտաքին միասնականությունը, իսկ ճնշումների մի մասը չեզոքացվում է։
Մեծ հաշվով, առանց հասարակության իրական սուբեկտության և ակտիվ դիրքավորման անհնար է արգելակել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական և հակասահմանադրական գիծը։
Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ։
Այս ժողովի վերջնարդյունքը էականորեն ազդելու է ոչ միայն Եկեղեցու ներքին կյանքի, այլ նաև Հայաստանի առաջիկա քաղաքական ու հասարակական զարգացումների տրամաբանության վրա»։

