Եկամուտների կորստի փոխհատուցումը որոշվել է մասամբ իրականացնել ակցիզային հարկի միջոցով. փոխնախարար
Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ լսումներ: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները:
Ըստ նրա՝ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերությունը 2.5 անգամ զիջում է ներքին սպառմանն ուղղված ոլորտներինը, և դրա հետևանքով ներդրումներն ուղղվում են առավելապես ներքին սպառման ոլորտներ:
«Աներկբա է, որ մենք՝ իբրև բաց տնտեսություն ունեցող երկիր, չենք կարող մեր տնտեսության զարգացման հեռանկարը կապել երկրի ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի հետ և պետք է փորձենք բոլոր հնարավոր միջոցներով խրախուսել արտահանումը՝ դրանով կայուն նախադրյալներ ստեղծելով երկարաժամկետ տնտեսական աճի համար»,- ասաց Ա. Պողոսյանը:
Ըստ նրա՝ ներկայումս կառավարության խնդիրն է՝ մտածել տարբերակներ, թե ինչպես կարելի է աջակցել արտահանողներին:
Փոխնախարարի խոսքով՝ հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ ԱԱՀ և ակցիզային հարկից արտահանվող ապրանքն ազատված է, հետևաբար՝ աջակցության հիմնական ռեսուրսը պետք է լինի ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը. «Այս նախագծով այդպես էլ առաջարկվում է, մասնավորապես՝ շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով, և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափերի համակարգ՝ սկսելով 2020 թվականի հունվարի 1-ից 23 տոկոս դրույքաչափով, այնուհետև յուրաքանչյուր տարի նվազեցնելով մեկական տոկոս՝ մինչև 20 տոկոս: Բնականաբար, այս փոփոխությունները հանգեցնում են պետական բյուջեի հարկային եկամուտների կորստի»:
Ա.Պողոսյանը նշեց, որ 2017թ. տվյալներով՝ եկամտային հարկի գծով կորուստը գնահատվել է 27.5 մլրդ դրամ, շահութահարկի գծով կորուստը՝ 11 մլրդ դրամ: Սա լրացնելու համար, ըստ նրա, նախատեսվեց անուղղակի հարկերի ավելացում, և որոշվել է՝ ԱԱՀ հետագա դրույքաչափի բարձրացումից ձեռնպահ են մնում, քանի որ դա հանգեցնում է աղքատության: Պողոսյանը նշեց, որ եկամուտների կորստի փոխհատուցումը որոշվել է մասամբ իրականացնել ակցիզային հարկի միջոցով: