Հնդկաստանում ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների չորրորդ փուլը
Հնդկաստանի ինը նահանգներում ապրիլի 29-ին ընթանում է համընդհանուր խորհրդարանական ընտրությունների յոթ փուլերից չորրորդը: Ինչպես հայտնել երկրի ընտրական հանձնաժողովը, 957 թեկնածուներ կպայքարեն Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի 72 տեղի համար:
Ընտրողներն իրենց ձայնը կտան Բիհարի, Ջամուի եւ Քաշմիրի Ջարքհանդի, Արեւմտյան Բենգալիայի, Մադյա-Փրադեշի, Մահարաշտրայի, Օդիշայի, Ռաջասթանի, ինչպես նաեւ Ութար Փրադեշի նահանգներում:
Ընտրությունների երրորդ փուլում, որը կայացել է ապրիլի 23-ին, մասնակցությունը կազմել էավելի քան 63 տոկոս:
Ընդամենը Հնդկաստանում գրանցված է մոտավորապես 900 մլն ընտրող: Համընդհանուր խորհրդարանական ընտրությունները երկրում սկսվել են ապրիլի 11-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ընտրական հանձնաժողովը, այս քվեարկությունը կարող է համաշխարհային պատմության մեջ ամենաընդգրկունը դառնալ ընտրողների թվով:
Ընտրությունները նաեւ կարելի է ամենաերկարը համարել աշխարհում: Դրանք բոլոր 29 նահանգներում եւ յոթ միութենական տարածքներում անցկացվում են յոթ փուլով (ապրիլի 11-ին, ապրիլի 18-ին, ապրիլի 23-ին, ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, մայիսի 12-ին եւ մայիսի 19-ին): Ձայների հաշվումը պետք է ավարտվի մինչեւ մայիսի 23-ը:
Հիմնական պայքարը կծավալվի երկու քաղաքական ուժերի՝ կառավարող «Բհարաթիա ջանաթա պարտիի» (ԲՋՊ), որը գլխավորում Է գործող վարչապետ Նարենդրա Մոդին, եւ «Հնդկաստանի ազգային կոնգրեսի» (ՀԱԿ), որի գլուխ կանգնած է Ռահուլ Գանդին, որը սերում է Հնդկաստանի ամենաազդեցիկ Ներու-Գանդի քաղաքական կլանից, միջեւ:
Ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե ԲՋՊ-ն կկարողանա արդյոք կրկնել 2014 թվականի հաջողությունը եւ արժանանալ ընտրողերի ճնշող մեծամասնության պաշտպանությանը, իսկ Մոդին՝ անընդմեջ երկրորդ ժամկետով զբաղեցնել վարչապետի աթոռը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: