Բաժիններ՝

«Սիրիայում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների մասին լուրերը կեղծ են». արաբագետ

«Սիրիայի Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում թուրքամետ զինյալների և հայերի միջև բախումների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Ermenihaber-ի հետ զրույցում նշել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Նշենք, որ Սիրիայի ալ-Հասաքա նահանգում գործող քրդական Hawar News Agency(ANHA) լրատվամիջոցը ապրիլի 23-ին հաղորդել էր, որ իբր Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից փաստացի վերահսկվող Հալեպ նահանգի ալ-Բաբ բնակավայրում բախումներ են գրանցվել թուրքահպատակ զինյալների և շրջանում բնակվող հայերի միջև:

Արաբագետի կարծիքով՝ տեղեկատվության սկզբնաղբյուր լրատվամիջոցը «Ռոջավայի» կամ այսպես կոչված՝ «Սիրիական Քրդսատանի» կայքերից է, իսկ նման բնույթի տեղեկատվություն այսօրինակ լրատվամիջոցներից վերջին շրջանում բավական հաճախ է ստացվում: Այս հանգամանքը որոշակիորեն կարելի է պայմանավորել նաև Սիրիայի քրդաբնակ շրջաններում ԱՄՆ-ի հովանավորությամբ գործող բազմատարր «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոչված կառույցում ուրվագծվող որոշ խնդիրներով՝ կապված նաև ամերիկյան զորախմբի՝ Սիրիայից դուրս գալու գործընթացի և շրջանի հետագա ճակատագրի հետ:

«Մինչդեռ տարածված տեղեկատվությունը կեղծ է այն պարզ պատճառով, որ դեռևս սիրիական հակամարտության սկզբնական շրջանից ի վեր և հատկապես 2016թ. օգոստոսին Սիրիայի հյուսիսում նախաձեռնված «Եփրատի վահան» ռազմագործողության հետևանքով վերջին հայերը լքել են այդ բնակավայրը:

Ի դեպ, ապատեղեկատվության փաստը հերքվել է նաև Սիրիայում ունեցածս մի քանի հավաստի աղբյուրների կողմից միաժամանակ»,- նշեց Պետրոսյանը հավելեով, որ, այնուամենայնիվ, քրդական նշված լրատվամիջոցների նման գործելաոճի հանգամանքը մտահոգիչ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս