«Ո՞ւր պետք է փախնեն, երկրագունդը կլոր է». Վարչապետը՝ Արամ Հարությունյանի և Միհրան Պողոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սահմանապահի օրվա առթիվ այցելել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն: Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Նոր Հայաստանում քրեական գործեր «կարել», ինչպես հայտարարում են Դավիթ Սանասարյանի պաշտպանները: «Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, դուք եք ՀՀ կյանքը լուսաբանում, դուք ասեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չպետք է խախտել, բազմիցս եմ ասել, նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առջև»,- ասաց վարչապետը։
Ինչ վերաբերում է ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի գործին, վարչապետն ասաց, որ նա Հայաստանը լքել է՝ օգտվելով պատգամավորի կարգավիճակից, որի արդյունքում էլ կորել է իր տեսադաշտից։
«Նույնն էլ վերաբերում է նաև ԴԱՀԿ նախկին պետք Միհրան Պողոսյանին, նա էլ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվելով՝ դուրս է եկել Հայաստանից։ Եթե նրանց այդ պարագայում ձերբակալեին, պետք է ասեիք՝ օրենք ենք խախտում։ Բայց ո՞ւր պետք է փախնեն, երկրագունդը կլոր է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ հարցին՝արդյո՞ք անվտանգության խնդիր չի տեսնում, որ ԴԱՀԿ պետը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը դրսում են, վարչապետը պաասխանեց. «Հարց է, ԴԱՀԿ պետը դրսո՞ւմ է, թե՞ ներսում։ Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, ապա իմ իմանալով՝ նա նաև ՌԴ քաղաքացի է, և մենք այս իրավիճակի հետ պետք է հաշվի նստենք։ Մենք այսօր իրավիճակ ունենք, երբ որ օտարերկրյա պետությունը մեր քաղաքացուն մեղադրում է, բայց մենք մեր օրենսդրությամբ չենք կարող այդ քաղաքացուն արտահանձնել, որովհետև դա մեր սահմանադրությանը հակասում է։ Չեմ ուզում այստեղ ենթատեքստեր տեսնել, քանի որ ցանկացած պետություն իր քաղաքացուն… կներեք, բայց այսօր Հայաստանում հանցագործ կա, որը հետախուզվում է օտարերկրյա պետության կողմից, բայց մենք այս մարդուն չենք կարողանում հանձնել միայն այն բանի համար, որ նա ունի ՀՀ քաղաքացու անձնագիր»։
Զվարթ Խաչատրյան