«Ապրիլյան պատերազմում որևէ պայմանավորվածություն չի եղել, չկա նման բան». Դավիթ Տոնոյանը հերքում է
«Սահմանային իրավիճակն այս պահին կայուն է, այսպես ասած՝ նույն վիճակում է գտնվում։ Այն կողմից կրակոցներ լինում են, բայց ոչ թիրախավորող, և վիճակը կայուն է»,- այսօր ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք, որ այսօր սահմանապահի օրն է, որի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, Արտակարգ իրավիճակների նախարարը, ոստիկանապետն այցելել էին ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն։
Դավիթ Տոնոյանի խոսքով՝ այն, ինչ հայտարարել է ԱՄՆ-ում՝ ասելով, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխվում է «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով, դրան այլևս ավելացնելու ոչինչ չունի։
Ինչ վերաբերում է Մոսկվա կատարած այցին, Պաշտպանության նախարարն ասաց, որ այն արդյունավետ էր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ մատակարարումների վերաբերյալ, որը պետք է տեղի ունենա մինչև տարվա վերջ։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ընդունել են Բոլթոնի առաջարկը՝ ամերիկյան զենք գնելու հետ կապված, Դ. Տոնոյանը ասաց՝ դեռևս առաջարկներ չի ստացել.
«Նա այդ առաջարկն արել էր, բայց կոնկրետ որևէ առաջարկություն չկա»:
Մեղրիի զորամասում գրանցված միջադեպի հետ կապված՝ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ ՀՀ Զինված ուժերում ծառայողական քննություն է ընթանում, իրականացվում է նախաքննություն համապատասխան մարմինների կողմից, դրա որոշ մասն ավարտվել է, որոշ մասը դեռ շարունակվում է։
Անդրադառնալով Միքայել Հարությունյանի ՌԴ քաղաքացիություն ունենալուն, Դավիթ Տոնյանը նշեց, որ մարդը կարող է երկքաղաքացիություն ունենալ։
«Անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարող է լինել»։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել ՀՀ վերին օղակների հետ, Դավիթ Տոնոյանն ընդգծեց. «Ապրիլյան պատերազմում որևէ պայմանավորվածություն չի եղել, չկա նման բան»։
Զվարթ Խաչատրյան