«Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ մի քաղաքական ուժի ղեկավարի ասածը, որին ինքս քաղաքական դերակատար չեմ համարում». Էդուարդ Շարմազանով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի հանդեպ հանրային սպասում չկա.

«Ես շատ ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորվում Սերժ Սարգսյանի ապագա խոսալու վերաբերյալ: Ես ուղղակի ապշած եմ: Այդ ակնկալիքը, որ ձևավորում եք, ո՞ւմ եք ձեռ առնում, ժողովրդի՞ն: Մարդը 10 տարի երկրի նախագահ ա եղել, բան չի խոսացել, 10 տարին անցել ա, հեղափոխություն ա եղել, իշխանությունից թողել-գնացել ա, ինչ-որ մի հատ ուժեղ հետաքրքրություն կա՝ ի՞նչ ա ասելու: Ի՞նչ պետք ա ասի, որ ի՞նչ պետք ա ասի: Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք ա ասի: Ի՞նչ եք գնում, հարցնում: Կամ՝ ո՞վ կարա հետ գա: Աշխարհում ոչ մի ուժ հեղափոխությունից հետո չի կարող հետ գալ, չի կարող լինել: Մոռացեք էդ մարդկանց»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր Էդմոն Մարուքյանը։

ԱԺ նախկին փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Է. Մարուքյանի հայտարարությանը, նկատեց՝ Էդմոն Մարուքյանը և իր քաղաքական թիմն իր համար քաղաքական որևէ դերակատարում չունեն, ուստի չի պատրաստվում հեռակա բանավեճի մեջ մտնել մի կուսակցության հետ, որն ամբողջ նախընտրական և հետհեղաշրջման գործընթացներում եղել է Նիկոլ Փաշինյանի ջատագովը։

«Իմ բանավեճը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հետ է, հետևաբար՝ Էդմոն Մարուքյանի հետ ո՛չ ցանկություն ունեմ բանավեճի բռնվելու, ո՛չ էլ ինչ-որ բան իրեն ապացուցելու։ Կարծում եմ՝ այսօր Հայաստանում երկու բևեռ կա՝ մեկը՝ ՀՀԿ-ի, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի բևեռն է։ Մնացածը, թե ով ինչպես է մտածում կամ ինչ գնահատական է տալիս՝ ինձ առհասարակ հետաքրքիր չէ։ Իսկ Սերժ Սարգսյանը ասելիք ունի՞, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա, ով ասելիք ունի, ով՝ ոչ։ Այդ պատճառով չեմ կարծում, որ այժմ պետք է մեկնաբանեմ մի քաղաքական ուժի ղեկավարի ասածը, որին ինքս քաղաքական դերակատար չեմ համարում և որի հետ որևէ քաղաքական բանավեճ առհասարակ չունեմ, նրանց կարծիքն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած հայտարարությանը, թե «ՀՀԿ-ն կարող է իր էջը փակել և գնալ պատմության գիրկը», այլ ոչ թե վերադառնալ քաղաքականություն, քանի որ նա անելիքներ չունի, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Բա որ Հանրապետականն անելիքներ չունի, ինքն ու իր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ են մեկ տարի միայն ՀՀԿ-ից խոսում։ Հետևաբար՝ մենք անելիքներ ունենք հանուն մեր երկրի, այն էլ որքա՜ն, որպեսզի մեր երկիրն ազատենք պոպուլիզմից»,- եզրափակեց Է. Շարմազանովը։
Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս