Բաժիններ՝

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ին

ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:

Այս մասին որոշման նախագիծը կառավարության ապրիլի 25-ի նիստում ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Առաջարկվում է բավարարել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրելու «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության հայտը։ Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային սարքավորումների` հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Խաչատրյանը:

2018թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին:

Վարչապետի պաշտոնակատարին ներկայացվել է, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Ներդրումային ծրագիրն իրականացվելու է 3 փուլով. առաջին փուլում իրականացվելու է տեխնիկայի հավաքագրում, որը կտևի 2 տարի, երկրորդ փուլում արդեն կսկսվի տեխնիկայի արտադրության գործընթացը, իսկ երրորդ փուլում կիրականացվի կենցաղային տեխնիկայի ամբողջական արտադրություն և ավտոմատացում: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս