«Դրականին զուգահեռ՝ բացասականը շատ ավելի առաջ է անցել». Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության  վարչության անդամ Ժիրայր Սէֆիլյանի խոսքով՝ ապրիլի 24-ն այն եզակի օրերից է, երբ ամբողջ ազգը համախմբվում է։

«Կարծում եմ՝ ամեն տարի այս օրն առնվազն քաղաքական խավի համար մտածելու, խորհելու առիթ պետք է լինի: Գլխավոր խնդիրն այն է, որ մենք պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, որ նոր ցեղասպանություն չլինի, և մտածենք, թե ցեղասպանվելու գլխավոր պատճառը որն է եղել։ Կարծում եմ՝ մենք ցեղասպանվել ենք, քանի որ զրկված ենք եղել պետականությունից։ Իմ համոզմամբ՝ գոնե այս գաղափարի շուրջ առաջիկայում լուրջ քաղաքական մտածող ուժերը, մարդիկ պետք է համախմբվեն, և օր առաջ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ստեղծվի։ Այս օրն առիթ է, որպեսզի բոլորս լրջանանք, ինչ-որ չափով իմաստնանանք»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում շեշտեց Ժիրայր Սէֆիլյանը։

Նրա կարծիքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանը պետք է լինի պահանջատերի դիրքերում, և այդ համատեքստում պետք է տեսնեն պետության հզորացումը։

«Տարածաշրջանը վերաձևման ընթացքի մեջ է, և այն, ինչ տարիներ շարունակ երազել ենք՝ վերատիրանալու մեր հայրենիքին, այնպես չէ, որ այդ ամենը մնալու է երազային վիճակում։ Բոլորս այսօր տեսնում ենք, թե ինչեր են տեղի ունենում, ուստի մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը, որովհետև մեզ սպասվում են մարտահրավերներ, գուցե աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ի նպաստ մեզ»,- նշեց Ժ. Սէֆիլյանը։

Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ շարունակում են կանգնել գործող իշխանության կողքին, սակայն ամեն ինչ այսպես շարունակվել չի կարող, քանի որ խնդիրը ոչ թե ուժերի փոխհարաբերակցության մեջ է, այլ՝ երկիրն օր առաջ ճահճից դուրս բերելու։

«Մենք այդ ընթացքից շատ դժգոհ ենք, քանի որ գործընթացը դանդաղ է առաջ գնում։ Այո, կան դրական քայլեր, սակայն շատ դանդաղ են ընթանում, բայց դրականին զուգահեռ՝ բացասականը շատ ավելի առաջ է անցել։ Այս կապակցությամբ առաջիկայում մեր կարծիքն ավելի բովանդակալից կբարձրաձայնենք։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ մեկ տարվա մեջ հանցագործներն առնվազն պետք է պատասխանատվության ենթարկվեին, նրանք մինչև այս պահը պետք է լինեին համապատասխան վայրում, առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանը։ Բայց ինչ էլ լինի, նա հայ ժողովրդի պատասխանատվությունից չի խուսափելու, մեր երկրում անցումային արդարադատությունը գործելու է»,- եզրափակեց Ժիրայր Սէֆիլյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս