Իրանի խորհրդարանը վավերացրել է CENTCOM-ն ահաբեկչական ճանաչելու օրինագիծը
Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է այն օրինագծի բոլոր դրույթները, որը ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառում է ահաբեկչական խմբավորումների թվում: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների զորախումբը (ԻՀՊԶ) ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԱՄՆ-ի որոշման, CENTCOM-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, իսկ Միացյալ Նահանգները՝ «ահաբեկչությունը հովանավորող պետություն»:
Նշվում է, որ օրինագծի առաջին դրույթին, որով CENTCOM-ը հայտարարում է ահաբեկչական կազմակերպություն, հավանություն է տրվել 173 ձայնով, չորս խորհրդարանական դեմ է քվեարկել, եւս 11-ը՝ ձեռնպահ են մնացել: Ընդամենն օրինագիծը բաղկացած է 14 դրույթից: Դրանցից վերջինի համաձայն, օրենքն ուժի մեջ է մտնում վավերացումից հետո:
Օրինագծի համաձայն, Իրանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել այն երկրների եւ մարդկանց նկատմամբ, որոնք համագործակցում են CENTCOM-ի հետ: Բացի այդ, Իրանի կառավարությունը պետք է բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, «որոնք ԻՀՊԶ-ի հետ համագործակցում են երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս, պաշտպանի իրավական եւ հոգեբանական հնարավոր վնասից, որը նրանց պատճառվել է ԻՀՊԶ-ն ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: