Աշխարհում ավելի քան 110 հազար մարդ է կարմրուկով հիվանդացել 2019 թվականի առաջին երեք ամսում
Ժնեւում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալները վկայում են աշխարհում կարմրուկով հիվանդացության կտրուկ աճի մասին: 2019 թվականի հունվար – մարտին արձանագրվել է այս հիվանդության 112 հազարից ավելի դեպք՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ավելի քան 28 հազար դեպքի համեմատությամբ, այսինքն՝ խոսքը վերաբերում է գործնականում քառապատիկ աճին:
Ինչպես նշել են ԱՀԿ-ում, այս թվերը «պաշտոնական» չեն, այլ սոսկ՝ գնահատիչ, նախնական: Փորձագետները կարծում են, որ կարմրուկի դեպքերի ճշգրիտ թիվն էապես մեծ է: «Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքերի թիվը, որոնց մասին հաղորդումներ կան, 2019 թվականի առաջին երեք ամսում 300 տոկոսով աճել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ»,- նշում է կազմակերպությունը: ԱՀԿ-ում հիշեցրել են, որ կարմրուկով հիվանդացության աճը դիտվում է արդեն երրորդ տարին անընդմեջ: «Այս պահին 170 երկրներ ԱՀԿ-ին հաղորդել են կարմրուկի 112 163 դեպքի մասին: Անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում տեղեկացրել են կարմրուկի 28 124 դեպքի մասին»,- արձանագրել են ԱՀԿ-ում:
Կարմրուկի բռնկումներ են արձանագրվել մի ամբողջ շարք պետություններում, ներառյալ Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եթովպիան, Մադագասկարը, Մյանման, Ֆիլիպինները եւ Սուդանը: Այդ բռնկումները բնորոշվում են բարձր մահացությամբ, հիմնականում մանկահասակ երեխաների թվում: Վերջին ամիսներին հիվանդացության աճ է նկատվել պատվաստման բարձր մակարդակով երկրներում, մասնավորապես, ԱՄՆ-ում, Իսրայելում, Թաիլանդում եւ Թունիսում. այնտեղ հիվանդությունը տարածվում է իմունացում չանցած մարդկանց շրջանում:
Եթե մեկ տարում աշխարհում հիվանդացությունը միջին հաշվով աճել է 300 տոկոսով, ապա Աֆրիկայում՝ 700 տոկոսով: Ամբողջությամբ վերցված իրադրությունը տարբեր տարածաշրջաններում միանման չէ: Եվրոպայում հիվանդացության աճը կազմել է 300 տոկոս, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում՝ 60 տոկոս, Արեւելյան Միջերկրականում՝ 100 տոկոս, Հարավարեւելյան Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 40 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: