«Իրավիճակն աննախադեպ է», կասեր դասականը

Կառավարության կառուցվածքի խորհրդարանական քննարկումները մեկ բառով կարելի է բնութագրել` անզուգական: Նկատի ունեմ միայն ԱԺ Տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ելույթը: Հենց սկզբից խոստովանեմ, որ հարգանք ու ակնածանք ունեմ ռոմանտիկ մտածողություն ունեցողների նկատմամբ: Բայց մտքովս չէր անցնի, որ քաղաքական ամբիոնից այդքան վեհ ու փիլիսոփայական տեսակետ կհնչի:

Պարզվում է՝ մեր կառավարության կառուցվածքի հիմքում որևէ գիտական մոդել չկա: Այս մասին հայտարարեց պարոն Վարազդատ Կարապետյանը: Բայց դա սոսկ հայտարարություն չէր: Այլ հստակ ու հատու բացատրություն` որովհետև «իրավիճակը աննախադեպ է»:

Մինչ այս պատմական հայտարարությունը՝ մարդկությունը կարծում էր, որ աշխարհի բոլոր կառավարությունների կառուցվածքի հիմքում հստակ գիտական մոդելներ են դրված: Մեր պատգամավորի ելույթը գեղագիտությանը վայել նրբագեղ էր: Մտքերի նման նուրբ հյուսվածը պատիվ կբերեր անգամ Կանտին, որ ժամանակին շարադրել էր իր «Զուտ բանականության քննադատություն» տրակտատը: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ ծերուկ Իմանուիլի գործն ավելի հեշտ էր: Նա ընդամենը փիլիսոփայում էր իմացաբանության հնարավորության մասին:

Փիլիսոփայության ոլորտում մտքերի նուրբ ժանյակ հյուսելը, ճիշտ է, շատերիս տրված չէ: Բայց Կանտի ու մի քանի տասնյակ փիլիսոփաների օրինակով կարող ենք պնդել, որ դա լիովին հնարավոր է: Ուստի մեկ անգամ ևս ըմբոշխնենք մեր պատգամավորի միտքը. «Իրավիճակը աննախադեպ է: Այսինքն՝ նմանօրինակ նախադեպ, և մենք չենք կարող այդ նախադեպը ուսումնասիրել, դրա հիման վրա անել եզրակացություններ ապագայի մասին և ասել` ահա այս գիտական մոդելն ընկած է կառավարության կառուցվածքի հիմքում: Եվ աննախադեպ իրավիճակը, ինչպես ամենուր աշխարհում, մեծացնում է նաև անձերի դերը՝ ի հակակշիռ ինստիտուտների»:

Հուսով եմ, մեջբերումը բավական լայնածավալ էր, որ այն չհամարվի կոնտեքստից կտրված: Լրագրողները վաղուց գիտեն, որ, ի տարբերություն գիտնականների, քաղաքական գործիչներն իրենց խոսքից արված համարյա բոլոր մեջբերումները հենց կոնտեքստից կտրված էլ որակում են: Մեզ մոտ՝ Հայաստանում էլ է այդպես` «ինչպես ամենուր աշխարհում»: Բայց ժամանակակից աշխարհում միայն առանձին վերցրած երկրներում են անձերի հակադրում համակարգերին ու ավելի բարձր դասերում: Քաղաքագետներն ավելի ամբողջական կթվարկեն ու կբնութագրեն այդ երկրները:

Մենք ավելորդ մտքերից վեադառնանք մեզ ավելի հարազատ` տնտեսության ոլորտին: Որովհետև մեջբերվելիք հաջորդ մտքերից մեկը վերաբերում է այն գործընթացներին, որոնք այսօր ծավալվել են մեր տնտեսական կյանքում:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ մեր տնտեսական կյանքում որևէ գործողություն տեսնելու համար առանձնահատուկ շնորհք է պետք: Ի վերջո, պատգամավորը համարյա դա էլ ասում է: Բայց շատ ինքնատիպ: «Իրողությունները և պրոցեսները, որ մեր երկրում տեղի են ունենում, շատ դժվար չափելի են: Եվ տնտեսական աճը, որ մենք կունենանք տարվա վերջում, թվերով շատ դժվար չափելի է, և մենք նույնպես չենք պատկերացնում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և կունենան առաջիկայում»:

Փաստորեն, մեզ նախօրոք ու բարեխիղճ տեղեկացնում են, որ նոր տնտեսություն է ստեղծվել` տնտեսություն, որը չի չափվում թվերով: Ավելի ճիշտ՝ շատ դժվար է չափվում, բայց անպայման աճում է: Մինչ այսօր գործող տնտեսագիտության տեսանկյունից մարդկային գործունեության այդ ոլորտը մշտապես ներկայացված է եղել թվերով: Որ հնարավոր լինի համեմատել՝ թեկուզ դրա աճն արձանագրելու վեհաշուք նպատակով:

Հիմա տնտեսական հաշվետվությունները, հավանաբար, առանց թվերի ու համեմատությունների հետ են ներկայացվելու: Որովհետև արդեն գիտենք` «իրավիճակն աննախադեպ է»: Ավելին՝ մենք էլ բանախոսի նման՝ «նույնպես չենք պատկերացնում այն գործընթացները, որոնք տեղի են ունենում և կունենան առաջիկայում»:

Օսկար Ուայլդի հեքիաթներից մեկում սոխակը վարդի մոտ գլուխ գովալով՝ ասում է, որ ինքը խելացի է, շատ խելացի, և նույնիսկ այնքան խելացի, որ երբեմն չի հասկանում իր ասած խելոք մտքերը: «Ուրեմն ժամանակն է, որ փիլիսոփայություն դասավանդես»,- խորհուրդ է տալիս վարդը:

Օսկար Ուայլդը գրող էր, ու որպես գրող (ըստ Սարոյանի)՝ չափազանցնելու սովորություն ուներ: Ռեյ Բրեդբերին` նույնպես: Բայց Բրեդբերին նաև փիլիսոփա էր և ասում էր, որ «Չկարդացած գրքերը երբեմն վրեժ են լուծում»: Ասում էր, բայց չէր ճշտում, թե չկարդացած գրքերն ումի՞ց են վրեժ լուծում` գիրքը չկարդացած մարդո՞ւց, թե՞ հասարակությունից, որի անդամն է այդ մարդը: Մեր միակ հույսը մնում է այն, որ չկարդացած գրքերը երբե՛մն են վրեժ լուծում:

Տեսանյութեր

Լրահոս