Բաժիններ՝

Վտանգը ոչ թե ռոբոտներն են, այլ մարդու ռոբոտացումը

Շուրջ 20 տարի առաջ Հայաստանի դպրոցներում մեծ ոգևորություն կար՝ համակարգիչների ներմուծման հետ կապված։ Շատերը մտածում էին, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։ Այդ փուլում զգալի ներդրումներ էին կատարվում դպրոցները տեխնոլոգիաներով հագեցնելու ուղղությամբ։ Բոլոր դպրոցներում ստեղծվեցին համակարգչային դասարաններ, որոնցում կար առնվազն 3-4 համակարգիչ։ Սակայն վերջին տարիներին շատ քիչ դպրոցներ են թարմացրել իրենց համակարգիչները։

Շատ դպրոցների բյուջեն բավարար չէ համակարգիչներ գնելու համար։ Իսկ միջազգային և բարեգործական կազմակերպություններն էլ այլևս չեն կարևորում դպրոցներին համակարգիչներ նվիրելը։ Երբեմն առանձին կազմակերպություններ իրենց 3-4 տարվա օգտագործած համակարգիչները նվիրում են դպրոցներին։

Երբ նայում ենք Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները, պատկերը շատ լուսավոր է երևում։ Օրինակ՝ պարզվում է, որ 2013 թվականին Հայաստանի դպրոցներում եղել է 18618 համակարգիչ։ 2017 թվականին համակարգիչների թիվը հասել է 22714-ի։ Աճել է նաև մեկ դպրոցին բաժին ընկնող համակարգիչների միջին թիվը։ Եթե 2019 թվականին միջինում մեկ դպրոցում եղել է 13 համակարգիչ, ապա 2017-ին այդ ցուցանիշը դարձել է 16 համակարգիչ։

Բայց երբ այցելում ես առանձին դպրոցներ, տեսնում ես, որ այդ համակարգիչների զգալի մասը (որոշ դպրոցներում՝ կեսից ավելին) անսարք են։

Կարդացեք նաև

Համակարգիչն անշարժ գույք չէ։ Այն պիտանի է, եթե աշխատում է և ունի բավարար հզորություն։ Խնդիրը հատկապես սուր է գյուղական փոքր դպրոցներում։ Գյուղական դպրոցը կարող է ունենալ 5-6 համակարգիչ, բայց դրանց մեծ մասը կամ սարքին չեն, կամ էլ այնքան հին են, որ դրանցով հնարավոր չէ ուսուցում կազմակերպել։ Բազմաթիվ դպրոցներում մինչև հիմա չկան պրոյեկտորներ, որպեսզի ուսուցիչները կարողանան ցուցադրել ուսումնական տարբեր նյութեր։ Կան դպրոցներ, որոնցում համակարգչային դասարան չկա, և երեխաները ստիպված են Ինֆորմատիկայի դասերն անցկացնել ուսուցչանոցում, քանի որ այդտեղ է այն համակարգիչը, որով լրացվում են Dasaran.am-ի տվյալները։

Խնդիր է նաև ինտերնետի որակը։ Երբ ԿԳ նախարարը Լևոն Մկրտչյանն էր, նախարարությունը սկսեց ինտերնետի միջոցով դասերի անցկացման պրակտիկան։ Իմաստն այն էր, որ Երևանի որևէ հայտնի դպրոցում ուսուցիչը դաս է անցկացնում, և գյուղի աշակերտները հնարավորություն են ունենում օնլայն ձևաչափով մասնակցել այդ դասին։ Սա շատ լավ լուծում էր այն դպրոցների համար, որոնցում տվյալ պահին ուսուցիչ չկար, կամ ուսուցիչն առարկայի մասնագետ չէր։

Բայց այս ծրագիրն ընդհատվեց։ Ըստ մասնագետների՝ ինտերնետ կապի որակը բավարար չէր նման դասեր անցկացնելու համար։ Բազմաթիվ դասերի ընթացքում կապն ընդհատվել է։ Խնդիրներ են եղել նաև գյուղական դպրոցների համակարգիչների հետ։ Պարզվել է, որ դրանք այնքան հին են կամ անսարք են, որ հնարավոր չէ դրանցով նորմալ դասեր անցկացնել։ Բացի այդ, օնլայն դասերի ժամանակ երեխաների ուշադրությունը շատ ավելի հեշտ է շեղվում։

Հայաստանի դպրոցների ուսումնական պլանով նախատեսվում է ամսական յուրաքանչյուր առարկայից առնվազն մեկ դաս անցկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Եթե դպրոցում առկա համակարգիչների թիվը բավարար չէ, կամ դրանք հին են ու անսարք, ապա դժվար թե նման դաս անցկացնելն արդյունավետ լինի։ Եթե դասարանում կա 3 աշխատող համակարգիչ, իսկ աշակերտների թի վը 15 է, ապա հասկանալի է, որ նման պայմաններում շատ դժվար է արդյունավետ դաս անցկացնել։

Լրջագույն խնդիր է նաև «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման բովանդակային ասպեկտը։ Վերանայման կարիք ունի այդ առարկայի ծրագիրը։ ՏՏ ոլորտում շատ բաներ արագ հնանում են, շատ նոր բաներ են ստեղծվում։ Ի տարբերություն այլ առարկաների՝ «Ինֆորմատիկա» առարկայի ծրագրերը և դասագրքերը պետք է վերանայվեն գոնե 2 տարին մեկ անգամ, որպեսզի հաշվի առնվեն բոլոր նորամուծություններն ու թարմացումները։

Այս ոլորտի, թերևս, ամենակարևոր խնդիրը ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցությունն է։ Ուրախալի է, որ ԹՈՒՄՈ-ն արձանագրում է հաջողություններ Հայաստանում և միջազգային ասպարեզում։ Ուրախալի է, որ մասնավոր կազմակերպություններն իրականացնում են կրթական ծրագրեր։ Բայց արդյո՞ք օգտագործվում է ԹՈՒՄՈ-ի ներուժը դպրոցները զարգացնելու գործում։ Կա՞ համագործակցություն, որից շահում են աշակերտները, ուսուցիչները։ Արդյո՞ք «ԱրՄաթի» խմբակները բավարար են ՏՏ վիճակը դպրոցներում բարելավելու համար։

Մեծագույն խնդիր է նաև հայալեզու էլեկտրոնային բովանդակության ստեղծումը։ Մեր աշակերտները տարված են համակարգիչներով և հեռախոսներով։ Միջազգային վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հարուստ ընտանիքների երեխաներն օրական միջինում 5.30 ժամ անցկացնում են էկրանների առջև։ Իսկ աղքատ ընտանիքների երեխաների միջին ցուցանիշն օրական շուրջ 8 ժամ է։ Ի՞նչ բովանդակություն են սպառում երեխաներն էկրանների առջև։

Բոլորս էլ գիտենք, որ այդ բովանդակությունը մեծ մասամբ անորակ է։ Շատ կարևոր է, որ Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը դառնա ուսուցողական բովանդակության ստեղծումը։ Հասկանալի է, որ նոր սերունդը չի կտրվելու էկրաններից։

Ծնողները, լավագույն դեպքում, կկարողանան սահմանափակել էկրանի առջև երեխաների անցկացրած ժամաքանակը։ Հետևաբար՝ կա մեկ լուծում։ Ստեղծել բարձրարժեք բովանդակություն, որպեսզի էկրանների առջև շոշափելի ժամանակ անցկացնող «էկրանազգիները» չկորցնեն մարդուն բնորոշ առանցքային այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ կենտրոնանալը, խորը մտածելը, վերլուծելը։

Ներկայումս ամենամեծ վտանգն այն չէ, որ ռոբոտները կարող են փոխարինել մարդուն։ Ամենամեծ վտանգն այն է, որ մարդը չդառնա ռոբոտ։ Մենք այսօր պետք է հատկապես զարգացնենք մեր բարձրակարգ մտածողության հմտությունները, քանի որ ավտոմատացումը դրանց առանձնապես չի սպառնում։ Իսկ դրա համար մեզ պետք է ունենալ շատ բարձր որակի էլեկտրոնային բովանդակություն։ Այս ուղղությամբ նախարարությունը, ՏՏ ոլորտի մասնագետները, մանկավարժները պետք է մեկտեղեն իրենց ջանքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս