Յոթի գործով դատական ակտից հատված․ ինչո՞ւ են դատախազները հրաժարվել 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից

Ի՞նչ հիմքով է 2009թ․ Դատախազությունը յոթի գործով 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումից հրաժարվել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է այդ որոշումից մի հատված:

Ներկայացնում ենք ստորև․ «․..-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել է ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, մինչդեռ, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ. մարտի 18-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով ըստ էության սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի ամբաստանյալ…-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»,- նշվում է որոշման մեջ:

Նշենք նաև, որ այսօր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ասել է.

«Բացարձակ այդ որոշման մեջ չկա որևէ մեկնաբանություն, իսկ կոնկրետ իրադրությունում որևէ նորմ՝ խստացնող է, թե մեղմացնող է, օրենքում կա դրա սահմանումները՝ որ օրենքն է համարվում խստացնող, որ օրենքն է համարվում մեղմացնող: Ի թիվս դրանց՝ օրինակ, պատժի խստացումն է, կամ օբյեկտիվ կողմից նոր արարքների, նոր գործողությունների հավելումն է: Մեր մեկնաբանությամբ՝ մեր ընկալմամբ, նոր օրենքը ոչ մի կերպ խստացնող օրենք չէ: Մեկնաբանություն ու բացատրություն չկա, թե 2009թ․ ինչու է դա դիտարկվել, կամ ինչ է դա դիտարկվել»:

Տեսանյութեր

Լրահոս