Բաժիններ՝

Պորոշենկոն համաձայնել է մարզադաշտում Զելենսկու հետ բանավեճ անցկացնել ապրիլի 19-ին

Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին եւ Պյոտր Պորոշենկոն բանավեճեր կանցկացնեն Կիեւի «Օլիմպիյսկի» մարզադաշտում ապրիլի 19-ին ժամը 19:00-ին: Այդ մասին գործող նախագահի մամուլի ծառայությունն ապրիլի 17-ին հայտնել է Facebook-ում: «Բանավեճերի սկիզբը՝ ժամը 19:00-ին է: (Մարզադաշտի անվտանգության) շրջանակները բաց կլինեն 16:30-ից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 31-ին: Թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ թվով ձայներ: Երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 21-ին: Դրան կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ առաջին փուլի առաջատար Վլադիմիր Զելենսկին:

Առաջին սոցհարցման տվյալների համաձայն, որը «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացվել է Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ, Զելենսկին հավաքում է ձայների 61 տոկոսը, իսկ Պորոշենկոյի վարկանիշը կազմում է 24 տոկոս:

Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի՝ մեկ շաբաթ անց հրապարակված հարցման տվյալները ցույց են տալիս, որ Զելենսկուն պատրաստ է աջակցել Ուկրաինայի այն բնակիչների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում, Պորոշենկոյին՝ մոտավորապես 25 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս