ԱՄՆ-ը Սիրիայի դեմ պատժամիջոցները կպահպանի մինչև այնտեղ քաղաքական կարգավորման ավարտը. Փոմպեո
Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները մտադիր չեն աջակցել Սիրիայի վերականգնմանը, ինչպես նաեւ վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, քանի դեռ այնտեղ չի ավարտվել քաղաքական կարգավորման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Տեխասի գյուղատնտեսական-մեքենաշինական ինստիտուտում ունեցած իր ելույթի ժամանակ, որի հեռարձակումը հասանելի էր Պետդեպարտամենտի կայքում: Փոմպեոյին հարց է տրվել, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի սահմանափակումները Դամասկոսի նկատմամբ:
«Ոմանք կարծում են, որ (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը հաղթանակ է տարել,-ասել է Փոմպեոն:- Չգիտեմ՝ հարկ կա արդյոք հայտարարել հաղթողներին ու պարտվողներին, բայց իրադրությունը երկրում այնպիսին է, որ Ասադը կառավարում է շատ թուլացած երկիր, որտեղ 6 մլն վերաբնակվածներ կան»:
Ինչպես նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, Դամասկոսը չի վերականգնել իր հսկողությունը երկրի ամբողջ տարածքի, այդ թվում՝ նավթի բազմաթիվ հանքավայրերի նկատմամբ: Պետքարտուղարի խոսքով՝ միջազգային կոալիցիան, որն ավելի վաղ Վաշինգտոնի կողմից ստեղծվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, գտնում է, որ չի կարելի «սկսել Սիրիայի վերականգնումը, քանի դեռ այնտեղ քաղաքական կարգավորում ձեռք չի բերվել»:
Փոմպեոյի խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները հանելու համար պայմանը «ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի կատարումն է»: Ինչպես նա է պարզաբանել, «դա նշանակում է, որ հանրագումարը պետք է լինի քաղաքական կարգավորումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: