«ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր օրակարգ չկա»․ Գոգոլաշվիլի

«Հայկական կողմը դեռ բավարարվում է ՀՀ-ԵՄ վերջին տարիներին առկա օրակարգով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին։

Հիշեցնենք, որ օրերս եԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն այսօր Եվրամիության հետ ունի հրաշալի հարաբերություններ, և դա ունի մի շատ կոնկրետ պատճառ:

«Խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը Եվրամիության հետ, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության հետ ունեցած օրակարգի հետ, այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականացնել, այն բարեփոխումների օրակարգի հետ, որ մենք մտադիր ենք իրականացնել մեր երկրում»,- ասել էր նա։

Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ դատելով այս հայտարարությունից և ընդհանուր առմամբ ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին ամիսների միտումներից, հայկական կողմը դեռ բավարարվում է ՀՀ-ԵՄ վերջին տարիներին առկա օրակարգով։ Ըստ նրա, ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մշակողները կարող են ասել, թե որքանով են այս իշխանությունները փորձում հավելյալ արտոնություններ ստանալ այս հարաբերություններից՝ զուգահեռաբար իրենց ներդրումն ունենալով նաև համատեղ արժեքների ձևավորման հարցում։ Սակայն, նրա տպավորություններով, նոր օրակարգ դեռևս չկա։

«Ամենայն հավանականությամբ, այն, ինչ ամփոփված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, լիովին համապատասխանում է ՀՀ ներկայիս հնարավորություններին արտաքին քաղաքական ոլորտում, քանի որ հասկանում ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը միջազգային հարթակներում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, որոշակիորեն սահմանափակող գործոն են ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր օրակարգ մշակելու համար, քանի որ ավելի մեծ ներդրում Եվրամիությունից Հայաստանը կարող է ակնկալել այլ որակի քաղաքական հավակնությունների դիմաց:

Սակայն դա ներկայումս այդքան էլ հնարավոր չէ։ Հայկական կողմն իր ելույթներով իրեն դիրքավորում է՝ որպես ժողովրդավարության նոր մակարդակ Հայաստանում, տեղի է ունեցել  հեղափոխություն, կա հանրային աջակցություն նոր իշխանությանը, պայքար կոռուպցիայի դեմ, բարեփոխումներ արդարադատության ոլորտում: Կարծում եմ, այս ամենի համար նաև լուրջ ներդրումներ են հարկավոր, բայց այն, ինչ ֆիքսված է եղել, շարունակվում է, և ՀՀ-ԵՄ հարաբերություններում երևի թե փոփոխություններ կնկատվեն միայն առաջիկա 7-ամյա աջակցության ծրագրով»,- ասաց Գոգոլաշվիլին։

Նրա խոսքով, դժվարություններ կան նաև ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցում, բանակցությունները դեռ չեն մեկնարկել, քանի որ կողմերը դեռևս պատրաստ չեն դրան, խոսքը և՛ Հայաստանի մասին է, և՛ Եվրամիության։

Նրա կարծիքով, միգրանտների ճգնաժամը լուրջ վնաս է հասցրել այլ երկրների հետ վիզային ազատականացման ռեժիմների կնքմանը, այս առումով Վրաստանը ևս դժվարություններ ունի։

Տեսանյութեր

Լրահոս