Մարդիկ ռեալ ուզում են հասկանալ՝ իշխանություների ասած այդ 3.3 միլիարդ դոլարի արդյունքում քանի՞ աշխատատեղ է ստեղծվել
«Թավշյա հեղափոխության ժամանակ ձևավորվում էին գերսպասումներ, և այդ պարագայում ակնհայտ էր, որ դա բավականին արագ կարող էր հանգեցնել հիասթափությունների: Կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ մոտ 1 տարի հետո էյֆորիայի զգալի նվազում գոյություն ունի: Տեսնում ենք, որ հասարակության մի հատվածը արդյունքներ է պահանջում: Տնտեսական թռիչքի, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոստումներ են տրվել նոր իշխանությունների կողմից: Կան գերսպասումներ, որոնք առաջացել են իշխանության խոստումներից, ու սպասումներ, որոնք առաջացել են յուրաքանչյուրի սուբյեկտիվ պատկերացումներից: Հասկանալի է, որ գերսպասումները հնարավոր չէ բավարարել»,-լր ագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
«Հիմա ամենամեծ դժգոհությունը, կարծում եմ, կապված է նրա հետ, որ չկան շատ կոնկրետ շոշափելի արդյունքներ, յուրաքանչյուրն իր մաշկի վրա չի զգում: Իշխանությունը հասկանում է, որ ժողովուրդը սկսել է պահանջել տնտեսության մեջ կոնկրետ արդյունքներ, խոսք է գնում այն մասին, որ ներդրումներում բեկում կա՝ 3.3 միլիարդ դոլարի մասին է խոսքը: Դա բավականին վերացական է, մարդիկ ուզում են հասկանալ, թե այդ 3.3 միլիարդի արդյունքում քանի՞ աշխատատեղ է ստեղծվել և ի՞նչ աշխատավարձով»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ 3.3 միլիարդ դոլար հանրագումարով երկու խումբ ներդրումային ծրագիր կա, և, որ բոլորը քննարկման տարբեր մակարդակներում են գտնվում։
«Ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չկա համակարգված աշխատանք, կադրերի մասին շատ է խոսվել, բալանսավորված կազմ չէ: Կարծում եմ՝ կառավարությունն այսօր ձևավորված է հիմնականում երկու սկզբունքով. մեկում ներառված են այն ոլորտները, որոնք պետք է ապահովեն երկրի կայունությունը՝ ֆինանսական, հարկերի հավաքման, ծախսերի, անվտանգության: Այստեղ Փաշինյանը պրոֆեսիոնալներին է պահում՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, հեղափոխությանը մասնակցելուց: Այդ ոլորտները որոշակի պրոֆեսիոնալիզմ ապահովում են, իսկ մյուսն ոլորտները, որոնք տրվել են հեղափոխությանը մասնակցած կադրերին, քաղաքական համախոհներին, այդ ոլորտներում տեսնում ենք, որ մեկ տարվա ընթացքում այդպես էլ այդ կադրերը համոզիչ չեղան»,- հավելեց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ դատաիրավական համակարգում դեռևս ոչինչ չի փոխվել, որովհետև մեկ տարվա ընթացքում իշխանությունը փնտրտուքների մեջ է:
«Միայն այն, որ Մարտի 1-ի վրա է կենտրոնացված իշխանության ուշադրությունը, կարծում եմ՝ ճիշտ մոտեցում չէ, այն առումով, որ «Մարտի 1»-ի գործով ով էլ ձերբակալվեր՝ այդ պրոցեսը քաղաքականացվելու էր: Դա բարդ գործընթաց է: Օգոստոսի 11-ին հայտարարվեց, որ ամեն ինչ բացահայտված է, բայց մինչ այս պահը մենք որևէ նորություն չունենք:
Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա պետական գնումների ոլորտում, համոզված չեմ, որ ամեն ինչ փակվել է: Ատկատների համակարգում ուղղորդվում է, թե ով պետք է հաղթի, աշխատի այդ ոլորտում, կարծում եմ, որ նման երևույթներ կան»,- նկատեց Վիգեն Հակոբյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ լիագումար նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ Վիգեն Հակոբյանն ասաց.
«Կարծում եմ՝ վարչապետը շարունակում է մնալ այն իլյուզիաների մեջ, որ աշխարհին շատ է հետաքրքրում, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել, դա եղել է թավշյա՞ հեղափոխություն, ոչ թավշյա՞, և այլն: Աշխարհին հետաքրքրում են այլ գեոքաղաքական վեկտորներ, կոնկրետ որոշումներ, պայմանավորվածություններ: Կարելի էր ելույթում մեկ հատվածով անդրադառնալ կատարվածին, բայց ելույթի մոտավորապես կեսը թավշյա հեղափոխության մասին էր, կարծում եմ՝ ավելի կարևոր մեսիջներ էլ կարող էր պարունակել այդ ելույթը»:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ