«Լևոն Տեր-Պետրոսյանը մենակ հաղթեց ՀՀ հաղթող բանակին, փրկեց Ադրբեջանը». Թալին ջոկատի հրամանատար
Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանն ասում է, որ զգում է պատերազմի վերսկսման վտանգը:
«Ամերիկայից և Ռուսաստանից մի հայ գեներալ ինձ տեղյակ է պահել, որ գարնանը, երբ որ ճանապարհները չորացան՝ ադրբեջանցիները հարձակվելու են: Ուզում եմ հայ ազգին կոչ անել, որ պատրաստվեն ու հանկարծակիի չգան: Պատերազմին պատրաստվելու առաջին կարևոր հանգամանքը տանը սննդամթերքի պաշար ունենալն է: Քանի դեռ ժամանակ ունենք՝ հորդորում եմ հացահատիկ, ձավարեղեն, շաքարավազ, աղ, լուցկի կուտակել, որ հանկարծակիի չգան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց Թալին ջոկատի հրամանատարը:
Իր համար երկրորդ վտանգը Երևանում գտնվող զբոսաշրջիկներն են:
«Ամենալուրջ վտանգներից են Երևանում լցված սևամորթները, չգիտենք՝ պակիստանցի են, Սաուդյան Արաբիայի՞ց, թե՞ որտեղից: Դա ոնց որ վառոդի տակառ լինի Երևանում: Մի րոպե պատկերացրեք, որ Արցախում պատերազմ է սկսվել: Այստեղ իրենց դիվերսիաներ կարող են անել»,- նշեց Սարգիս Կարապետյանը:
Հարցին՝ պատասխան կտա՞ իր արած հայտարարությունների համար, Թալին ջոկատի հրամանատարը դրական պատասխան տվեց ու հաջորդ հայտարարությունն արեց:
«Առանց էստեղի ղեկավարության համաձայնության՝ ադրբեջանցիները երբեք չեն հարձակվի: 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ ճանապարհներն ականազերծեցին, ու ադրբեջանցիներն անարգել եկան-լցվեցին: Նույնը եղել է Շահումյանում՝ Արցախյան պատերազմի ժամանակ: Ականազերծեցին ճանապարհները, որ հարձակվեինք, առավոտյան արդեն ադրբեջանցիների տանկերը լցվեցին Շահումյան, Մարտակերտը գրավեցին, Մարաղայում էլ կոտորած սարքեցին: Ամենը մեր ղեկավարների դավաճանության պատճառով է եղել, որոնց գլխավորը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Մենք ադրբեջանցիներին հաղթել էինք, մինչև Քուռ հասնելու և Նախիջևանն էլ գրավելու էինք, իսկ Տեր-Պետրոսյանը մենակ հաղթեց ՀՀ հաղթող բանակին, փրկեց Ադրբեջանը:
2016 թվականին էլ Թալիշի ուղղությամբ ճանապարհներն ամբողջությամբ ականապատված են եղել, և միջանցքը, որով ադրբեջանցիների տանկերը մտել են Թալիշ, ոչ մի արգելք չի եղել: Ականները չեն պայթել, հանված են եղել: Նույնը՝ Ջաբրաիլի ուղղությամբ, ու դրա գլուխգործոցն էլ եղել է Յուրի Խաչատուրովը, որին իբր թե չեն կարողանում Ռուսաստանից բռնեն-բերեն, թող ինձ ասեն՝ գնամ բերեմ»,- հավելեց նա:
Անի Կարապետյան