«Շարունակ խփում են մեր ձախ այտին, մենք աջն ենք դեմ տալիս». Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել է Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու մեջ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ բելառուսական մի շարք ապրանքների համար իր շուկան փակելու Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների բնույթ են կրում: Այդ մասին նա ապրիլի 11-ին հայտարարել է կառավարության տնտեսական բլոկի հետ կայացած խորհրդակցությունում:
«Վերջին ժամանակներս (գուցե ԶԼՄ-ները ստում են, գուցե մասնագետները ոչ ճիշտ տեղեկատվություն են տրամադրում) ես ամեն օր լսում ու կարդում եմ տեղեկատվություն, որ մեր հիմնական առեւտրական գործընկերը (նրանք սիրում են իրենց գործընկերներ անվանել) ավելի ու ավելի շատ պատժամիջոցներ են սահմանում Բելառուսի դեմ»,-ասել է պետության ղեկավարը, որի խոսքը մեջբերել է ԲելՏԱ գործակալությունը:
«Նրանք իրենք են պատժամիջոցների տակ, եւ դատապարտում են դա, եւ այս հարցում ես բացարձակապես պաշտպանում եմ նրանց, բայց միեւնույն ժամանակ նույն զենքով պատերազմում եմ իրենց մերձավոր դաշնակիցների դեմ»:
Լուկաշենկոն մատնանշել է, որ ռուսական կողմը պարբերաբար փակում է բելառուսական ձեռնարկությունները: «Մերթ գազարը, մեր սալաթը, մերթ վարունգը դուր չի գալիս, մերթ նրանք կասկածներ են ունենում, որ մենք ինչ-որ բան այնտեղից չենք մատակարարում, ամեն օր մեր ձեռնարկությունների փակում է տեղի ունենում: Մեր առջեւ փակում են շուկան»,-ասել է Լուկաշենկոն: Բելառուսի ղեկավարի տեսակետով՝ Մինսկը պետք է հակազդի եւ համապատասխան միջոցներ ձեռնարկի:
«Շարունակ խփում են մեր ձախ այտին, մենք աջն ենք դեմ տալիս: Պարզեք եւ առանձին զեկուցեք հաջորդ շաբաթ»,-ասել է Լուկաշենկոն՝ դիմելով փոխվարչապետ Վլադիմիր Դվորնիկին, որը ղեկավարում է ագրոարդյունաբերական համալիրը եւ սննդամթերքի արտահանումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: