Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի այցը Եվրոպայի խորհուրդ. վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11-ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ էր: Մինչ հանդիպումը վարչ

ապետ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ` նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար` այս անգամ արդեն Ստրասբուրգում: Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում և մասնակցել է Երևանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը` բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը վկայում է Հայաստան-ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի և այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին: ԵԽԽՎ նախագահի խոսքով` ԵԽ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ:

ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտի վերջին Երևանում ԵԽԽՎ նախագահի հետ ունեցած հանդիպումը և ուրախ է կրկին տեսնել Լիլիան Մորի-Պասկիեին` այս անգամ Ստրասբուրգում: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է, և գոհունակություն հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտ ամսին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների և ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով և գնահատականներով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին և կարևորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, և այդ գործում ԵԽ աջակցությունը կարևոր է: ԵԽԽՎ նախագահը ողջունել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը և վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս