«Ես դիմում չեմ գրելու». Դավիթ Անանյանն իրեն մեղավոր է համարում, բայց չի պատրաստվում հրաժարականի դիմում տալ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանն իրեն է համարում Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցածի ամենամեծ պատասխանատուն, սակայն չի պատրաստվում հրաժարականի դիմում տալ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ ստորագրել է Նորագավիթի մաքսատան աշխատակցի՝ Հայկ Մարտիրոսյանի աշխատանքից ազատման դիմումը, նաև ստորագրելու է մաքսատան պետի՝ Հայկ Միրզոյանի դիմումը, որը ևս իր կամքով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Նա չընդունեց, որ աշխատակցի ազատման հրահանգը կամ հանձնարարությունը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մաքսատուն իր կատարած այցի ժամանակ:
Դ.Անանյանը պնդեց, որ աշխատակիցն ու պետը դիմումներն ինքնակամ են գրել.
«Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով՝ առերևույթ ինչ-որ սենսացիա է պարունակում: Մարդկային ճակատագրի հարց չկա որևէ: Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, և վարչապետը որոշակի մտքեր արտահայտեց և կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է՝ իր դիմում գրելով: Եվ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլ նաև ավտոմաքսատան պետը ազատման դիմում է գրել: Այդ մարդկանց ընտրությունն է»:
Դ.Անանյանի բնորոշմամբ՝ եթե ինքը դիմում գրի ու հեռանա, դա իր համար կդիտարկվի փախուստ այն խոշոր և ահռելի պարտականություններից, որ վերցրել է իր վրա.
«Ես դիմում չեմ գրելու, ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Եթե դուք ուզում եք սենսացիա, ես ասացի դա: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք»:
Դ.Անանյանը չընդունեց, որ մեր իրականությունում կարող է որևէ մեկը պատժվել՝ չգործած մեղքի համար: