Վազգեն Խաչիկյանի և դատախազության միջև դատական վեճը միտումնավոր ձգձգվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի միջեւ դատական վեճը ձգձգվում է, ընդ որում` տպավորություն է, որ այդ դատաքննությունը ձգձգվում է միտումնավոր կերպով:
Ինչպես հայտնի է, 2017 թվականի սեպտեմբերին Սերժ Սարգսյանը պատիժը կրճատելու տեսքով ներում էր շնորհել պետբյուջեից ավելի քան 290 միլիոն դրամ յուրացնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված ու կալանավայրում 5 տարի անցկացրած Վազգեն Խաչիկյանին:
Այդ ընթացքում էլ դատախազությունը դիմել էր դատարան`պահանջելով ընդհանուր սեփականությունից առանձնացնել Խաչիկյանի բաժնեմասն ու այն վաճառել փոխհատուցելու համար հափշտակված 290 մլն դրամի մի մասը:
Թերթը պարզեց, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստերը մեկը մյուսի հետեւից տարբեր պատճառներով հետաձգվում են:
Մի դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է դատարանի հարցման պատասխանը դեռեւս ներկայացված չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ գործի քննությունը հետաձգվել է երրորդ անձ ներգրավելու կապակցությամբ, երրորդ դատական նիստը չի կայացել կողմի միջնորդությամբ:
Հիմա էլ, պարզվում է, գործով դատավորն է փոխվել:
Նախկինում գործը քննում էր դատավոր Տ. Գրիգորյանը, սակայն նա այլ դատարան է տեղափոխվել, եւ հիմա գործը մակագրվել է Լոռու մարզի դատավոր Տաթեւիկ Հովնանյանին: Ասել է թե` հափշտակված 290 մլն դրամը հետ վերադարձնելու հույսը գնալով կորում է: Մինչ այդ, նկատենք, որ Վազգեն Խաչիկյանը հիմա դարձել է հաղորդավար. խոհարարական հաղորդում է վարում` «Ուտում ենք Խաչիկյանի հետ» վերնագրով»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: