«Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից». Արայիկ Հարությունյան

Տարածաշրջանում հանուն կայուն և տևական խաղաղության հաստատման նպատակով «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հրապարավ առաջարկներով:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպման վերաբերյալ արդեն հայտնել ենք «Ազատ հայրենիք» կուսակցության դիրքորոշումը, որով հատկապես ողջունել ենք հակամարտ զորքերի միջև հրադադարի ռեժիմի պահպանման և հումանիտար համագործակցության կարևորումը:

Սրանից զատ, անշուշտ, շարունակում ենք հավատացած մնալ ու պնդել, որ բանակցությունները կարող են հաջող ընթացք ձեռք բերել, եթե դրանցում ներգրավված լինի պաշտոնական Ստեփանակերտը։

Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, որը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմամբ, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմամբ՝ ցանկանում եմ հրապարակավ հանդես գալ հումանիտար փոխգործակցության երկու առաջարկով, որը կարող է քննարկվել օրինակ առաջիկայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորում ենք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Համոզված եմ, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը:

Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգովի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը։

Նշեմ, որ ժամանակին Արցախի իշխանությունների կողմից Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով Ադրբեջանի իշխանություններին այս առթիվ արված առաջարկները մերժվել են: Արդյունքում Սարսանգի ջրերի օգտագործման համար մենք այլընտրանքային ծրագիր ենք մշակել, բայց ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը փոխշահավետ և մարդասիրական համագործակցության համար»։

Տեսանյութեր

Լրահոս