Բաժիններ՝

Շիրակի մարզից տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 55 ծրագրային հայտ

Շիրակի մարզից տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված սուբվենցիոն 55 ծրագրային հայտի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 336.3 մլն դրամ: Այս մասին ապրիլի 9-ին Շիրակի մարզպետարանում կայացած մարզի խորհրդի այս տարվա առաջին նիստի ժամանակ նշեց մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը: Սուբվենցիոն 55 հայտեր ներկայացրել են մարզի 27 համայնքներ: Եթե մի շարք համայնքներ հայտեր չեն ներկայացրել ֆոնդային բյուջեում բավարար միջոցներ չունենալու պատճառով, ապա մարզի 6 համայնքներ, ունենալով համապատասխան միջոցներ, չեն դիմել որևէ ծրագրի իրականացման համար:

«Ինչպես է հնարավոր, որ միջոցները լինեն և ծրագրային առաջարկներ չունենաք, միթե դուք չեք ուզում ձեր մեկն, այսպես ասած, երկուս դառնա, հատկապես, եթե պետությունն այս հարցում ձեր կողքին է կանգնած և համաֆինանսավորվում են ծրագրերը: Անթույլատրելի է նման գործելակերպն ու մոտեցումը»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաջորդ հարցը վերաբերել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2019 թվականի առաջին եռամսյակի կատարմանը:

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ի դրությամբ համայնքները սեփական եկամուտները կատարել են 84.1%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 4% աճ: Գյումրին սեփական եկամուտները կատարել է 88.4%, Արթիկը` 83.8%-ով: Մարզի 24 համայնքներ չեն ապահովել երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը, թվով 8 համայնքներ չեն ապահովել սեփական եկամուտների կատարման նույնիսկ 50 %-ի ցուցանիշը:

«Ինձ համար մտահոգվելու առիթ է, որ նույն աշխարհագրական պայմաններն ունեցող տարածաշրջաններում խիստ տարբեր ցուցանիշներ են արձանագրվում: Ամասիայում սեփական եկամուտները հավաքագրվել են 125 տոկոս, Արփի համայնքում 41 տոկոսով: Բնականաբար, այս փաստերը խոսում են աշխատանքի մասին: Առանձին հանդիպման ու քննարկման եմ հրավիրում սեփական եկամուտները 50 տոկոսից ցածր կատարած համայնքների ղեկավարներին»,- նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Մարզխորհրդի հաջորդ հարցը առնչվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը զեկուցեց, որ 2019թ. կատարվել է 15865 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից պակաս է շուրջ 2600 հա-ով: Մարզխորհրդի նիստի հաջորդ հարցը համայնքներում պետական, համայնքային և այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում տեղակայված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթացին է վերաբերել: Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշեց՝ գործընթացի շրջանակներում փաստագրվել են 3517 ժամանակավոր կացարաններ, որից Գյումրի քաղաքում՝ 2858, Արթիկ քաղաքում՝ 5 և թվով 17 գյուղական բնակավայրերում՝ 654։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս