Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը Բինգո վագրի բուժման աշխատանքներում կաջակցի Երևանի կենդանաբանական այգու թիմին
Երևանի կենդանաբանական այգու Բինգո անունով վագրի բուժման աշխատանքներում այգու թիմին աջակցելու համար Հայաստան է ժամանել Մոսկվայի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Միխայիլ Ալշինեցկին: Կենդանաբանական այգին այս մասին տեղեկացնում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: Ապրիլի 9-ին Միխայիլ Ալշինեցկին տեղեկացավ կենդանու ընդհանուր վիճակի մասին, ծանոթացավ կատարված հետազոտությունների արդյունքներին, բավական երկար հետևեց կենդանու վարքին:
Միխայիլ Ալշինեցկին ծանոթացավ նաև մյուս կենդանատեսակների պահման պայմաններին, վիճակին և Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի հետ փոխանակեցին պրակտիկ փորձի որոշակի գիտելիքներ:
2018 թ.-ի հոկտեմբերի վերջին, երբ Երևանում անցկացվում էր Եվրասիական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱՐԱԶԱ) 24-րդ կոնֆերանսը, համագործակցության հուշագիր կնքվեց Երևանի և Մոսկվայի կենդանաբանական այգիների միջև: Միխայիլ Ալշինեցկին Մոսկվայի կենդանաբանական այգում աշխատում է 1994 թվականից, 2005 թվականից՝ որպես գլխավոր կենդանաբույժ: Ավարտել է Մոսկվայի պետական անասնաբուժության և բիոտեխնոլոգիաների ակադեմիան, հանդիսանում է ԵԱՐԱԶԱ-ի վետերինար աշխատանքային խմբի նախագահը:
Մոսկվայի կենդանաբանական այգին Եվրոպայի հին այգիներից մեկն է (բացվել է 1864 թ.-ին), որն այսօր իր այցելուներին է ներկայացնում մոտ 1130 կենդանատեսակ և որը աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կենդանաբանական այգիների տասնյակում է:
Կենդանաբանական այգին նախորդ շաբաթվա սկզբում տեղեկություն էր տարածել, որ այգու բենգալյան վագրի մոտ լեյկոզ է ախտորոշվել: