
Երևանի քաղաքապետարանը 146 միլիոն դրամ է հատկացրել Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի հիմնանորոգման համար

Երևանի քաղաքապետարանը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման համար քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրում:
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և հավելել, որ որոշումը կայացվել էր Ալբերտ Ազարյանի 90-ամյակի օրը մարզադպրոց այցելելուց հետո:
«Այս տարի փետրվար ամսին՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակի օրը, քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր մարմնամարզիկի անվան մարզադպրոց ու նրա հետ զրույցում ասել, որ քաղաքապետարանը կփորձի միջոցներ հատկացնել դպրոցի վերանորոգմանը»,- նշել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: