
Ճապոնիան երկու տարով երկարաձգեց ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 9-ին որոշում է կայացրել երկու տարով երկարաձգել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է ապրիլի 13-ին:
Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Երկրի իշխանություններն այդ միջոցներին են դիմել Հյուսիսային Կորեայի հատուկ ծառայությունների կողմից առեւանգված ճապոնացի քաղաքացիների հարցում որեւէ առաջընթացի բացակայության պատճառով: Նաեւ Տոկիոյում նշում են, որ մոտ ժամանակներս հազիվ թե հաջողվի ԿԺԴՀ-ից հասնել լիակատար միջուկազերծման եւ տարբեր հեռահարության բալիստիկ հրթիռների ոչնչացման:
Ճապոնիան ԿԺԴՀ-ի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ է սահմանել 2006 թվականին Փհենյանի կողմից անցկացված միջուկային փորձարկումից հետո: Գլխավորապես դրանք վերաբերում են ապրանքների ներմուծմանն ու արտահանմանը եւ Ճապոնիայի նավահանգիստներ հյուսիսկորեական նավերի մուտքի արգելքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: