Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ կանայք,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, գարնանային ջերմ ու պայծառ մի տոն, որը մենք միշտ նշում ենք անսահման սիրով ու երախտագիտությամբ համակված:

Մայրությունն ու գեղեցկությունը միահյուսված են իրար, քանզի յուրաքանչյուր մարդու համար ամենագեղեցիկը, ամենանուրբն ու քնքուշը, ամենաջերմն ու հոգատարը մայրն է, գեղեցիկ՝ իր անմնացորդ նվիրվածությամբ, իր փխրուն հոգու մեծությամբ, իր անփոխարինելի սիրով: Ամբողջ կյանքի ընթացքում մենք փորձում ենք այդ գեղեցկությունը գտնել մեր տիկնանց, քույրերի, դուստրերի, մեզ շրջապատող կանանց մեջ՝ դրանով իսկ գնահատելով ու մեծարելով նրանց:

Թանկագի՛ն արցախուհիներ,

Դուք ունեք առանձնահատուկ առաքելություն և դերակատարություն մեր կյանքում: Լինելով հարազատ օջախի պահապանն ու հենասյունը՝ դուք կարողանում եք նաև ձեր անգնահատելի ավանդը բերել հայրենի երկրի պաշտպանության, զարգացման ու զորացման, մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում, ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական-քաղաքական կյանքում՝ միշտ օգնական ու աջակից լինելով մեզ՝ տղամարդկանց:

Մենք անչափ շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ: Եղեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, շրջապատված հարազատների սիրով ու ջերմությամբ: Թող իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու նպատակները:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք»:

Տեսանյութեր

Լրահոս