«Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացումը մեզ համար չափազանց կարևոր էր»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գերմանիան Երամիության անդամ 28 երկրներից տասներորդն էր, որը վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: Խոսելով համաձայնագրի շուրջ առկա գործընթացի մասին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ընդգծում է՝ վավերացման գործընթացը սկսվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո: Իսկ թե ինպիսի՞ն է նշված գործընթացի տեմպը, քաղաքագետը նկատում է.

«ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների մի մասի օրակարգում այդ հարցը դեռևս չկա, բայց մի մասի օրակարգում հարցն արդեն ներառված է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշվածը կապելով առաջիկայում Եվրախորհրդարանում սպասվող ընտրությունների, ինչպես նաև ԵՄ երկրներում սպասվելիք նախընտրական գործընթացների հետ։

«Սրանով է պայմանավորված այն, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այս պահի դրությամբ Եվրամիության ոչ բոլոր երկրներում են վավերացրել: Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից համաձայնագրի վավերացմանը, ապա այն մեզ համար չափազանց կարևոր էր. Գերմանիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով Եվրամիության լոկոմոտիվ պետություններից է:

Ընդհանուր առմամբ, վստահ եմ, որ գործընթացն արագ տեմպերով առաջ կգնա: Չեմ կարծում, որ այս տարի ԵՄ անդամ բոլոր պետությունները կվավերացնեն համաձայնագիրը, բայց հույս ունենանք, որ այդ պատկերը կտեսնենք հաջորդ տարվա սկզբին»,- նշեց քաղաքագետը:

Խոսելով վավերացման գործընթացում ՀՀ իշխանությունների անելիքների մասին՝ քաղաքագետը նշեց, որ կառավարությունն արդեն, ըստ էության, այս հարցում ոչինչ չունի անելու:

«Այդ առումով շատ բան արդեն կախված չէ Հայաստանի կառավարությունից, որովհետև գործընթացը հիմա արդեն գործընկեր պետությունների խորհրդարանների դաշտում է: Այլ հարց է, որ համապատասխան պետություններում մեր ներկայացուցչությունները կարող են ակտիվ աշխատանք տանել: Բացի այդ, մեր խորհրդարանական դիվանագիտությունը կարող է որոշակի ակտիվություն մտցնել գործընթացի մեջ: Այդ ակտիվությունը կարելի է մտցնել թե՛ բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքի, թե՛ նույն խորհրդարանական դիվանագիտության միջոցով: Խորհրդարանական դիվանագիտությունը չափազանց կարևոր է, որովհետև ՀՀ-ն խորհրդարանական պետություն է: Եվ այս առումով խորհրդարանի պրոֆեսիոնալ, գրագետ և օպերատիվ աշխատանքն է պահանջվում»,-նշեց նա՝ ընդգծելով, որ այս առումով, ցավոք, բարեկամական խմբերն ընդամենը օրեր առաջ են ձևավորվել, և խմբերի ղեկավարները ընդամենն օրեր առաջ են ընտրվել:

Նշենք, որ, Գերմանիայի Բունդեսթագը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ գործող ԱԺ-ից ոչ ոք չէր հրավիրվել:

Անդրադառնալով ԵՄ նման մոտեցմանը՝ քաղաքագետը նշեց. «Ես չգիտեմ, թե որո՞նք ենք գերմանական կողմի դրդապատճառները, ըստ որի՝ խորհրդարանից ոչ ոքի չեն հրավիրել:

Պարոն Աշոտյանը, հավանաբար, օգտագործել է իր անձնական կապերը նաև եվրոպական կառույցներում: Բացի այդ, կարծում եմ, կարևոր դեր է խաղացել նաև ՀՀԿ-ի անդամակցությունը եվրոպական մի շարք կուսակցական կառույցների»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս