«Hyatt» միջազգային ապրանքանիշը դուրս է գալիս Ջերմուկից
2015 թվականին Ջերմուկում բացված «Հայաթ Փլեյս Ջերմուկ» (Hyatt Place Jermuk) բարձրակարգ հյուրանոցի ֆեյսբուքյան էջը տեղեկացրել է, որ հյուրանոցն այլևս հյուրանոցների «Հայաթ» ցանցում չի գործելու: Թեև պատճառների մասին չի նշվում, սակայն 168.am-ին հայտնի դարձավ, որ նման որոշում կայացրել են «Հայաթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի ներկայացուցիչները՝ հետևելով մոտ մեկ տարվա ունեցած եկամուտներին։ Հյուրանոցն այսուհետ կկոչվի Grand Resort Jermuk:
Հիշեցնենք, որ հյուրանոցը կառուցվել էր միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան և բաղկացած է 92 տարբեր կարգի համարներից, SPA-կենտրոնից, ջրաբուժարանից, ռեստորանից, լողավազաններից, սպորտային դահլիճներից։ Հյուրանոցի կառուցումը սկսվել էր դեռևս 2009թ.: Սեփականատերն ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանն է։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ հյուրանոցի հիմնական հաճախորդը «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունն էր. ընկերության բոլոր այցելուները, հյուրերը գիշերում էին հյուրանոցային համալիրում, օգտվում էին հյուրանոցային բոլոր ծառայություններից, այստեղ էին անցկացվում նաև բոլոր գործնական հանդիպումները, միջոցառումները։ Ըստ մեր աղբյուրների՝ միայն «Լիդիանի» շնորհիվ հյուրանոցը տարեկան ունենում էր հարյուրավոր այցելուներ, որը Վայոց ձորում գործող նման կարգի հյուրանոցի համար մեծ հաջողություն էր։ «Լիդիանի» աշխատանքների դադարեցումից հետո հյուրանոցի այցելուների թիվը խիստ նվազել էր։
Հիշեցնենք, որ ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսար նախագծի իրականացման համար ներդրել է մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար, և չնայած պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ՝ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար, արդեն որքան ժամանակ է՝ ապօրինի կերպով զրկվել է շինարարական աշխատանքները շարունակելու հնարավորությունից։ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման և աշխատանքների դադարեցման կապակցությամբ ընկերությունը վերջերս հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ը կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ։
Ի դեպ, ոչ միայն համայնքի բնակիչները, այլև բազմաթիվ տնտեսագետներ ու փորձագետներ են տեսակետներ արտահայտել իշխանությունների կողմից Ամուլսարի ոսկու ծրագրի դեմ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ նշելով, թե որքան մեծ վնաս է այն հասցնում բնակիչների սոցիալական բարեկեցությանը, մարզի և երկրի տնտեսական զարգացմանը։ Առայժմ դրանք անպատասխան են մնացել։ «Լիդիանի» աշխատանքների դադարեցումը ջերմուկցիների համար լուրջ խնդիր է. մեր զրուցակցի խոսքով՝ նրանց աշխատանքների շնորհիվ՝ և բոլոր հյուրանոցներն ու սննդի օբյեկտներն էին ողջ տարին աշխատում, և մարզի բնակիչներն էին կարողանում աշխատանքի խնդիր լուծել։