Ադրբեջանը շարունակում է ինժեներական աշխատանքները

Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Վյաչեսլավ Դանիելյանը և ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը շուտով կազատվեն զբաղեցրած պաշտոններից։ Նրանց հետ նոր պայմանագրեր չեն կնքվելու։  Վարդան Բալայանը շտապել էր արձակուրդ վերցնել, մինչև կհասկանա՝ ինչպես վարվել։ Մեզ հետ զրույցում նա ասել էր, որ 40 օր արձակուրդի մեջ է։ Վյաչեսլավ Դանիելյանի նշանակման հրամանագիրն Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից եղել է 2013թ. հուլիսի 30-ին՝ 5 տարի ժամկետով։ Ապրիլի 2-ին՝ խորհրդանշական այդ օրը, Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը թողնելու և զինված ուժերի շարքերից զորացրվելու մասին հայտարարեց գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։

Հասարակության և ռազմաքաղաքական հանրության կողմից մինչ օրս դեռ ամբողջապես չընկալելով գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատվելու որոշումը, այս պաշտոնանկությունների և պաշտոնաթողությունների շարքը շատերին մտահոգությունների տեղիք է տալիս։ Ավելին, տեղեկություններ կան, որ այսքանով չի ավարտվելու։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ շուտով պաշտոնից կազատվի նաև ՊԲ մյուս փոխնախարարը՝ Գարիկ Սաֆարյանը։ Սպասվում են նաև որոշ հրամանատարների հրաժարականներ։

Մի կողմից՝ Ադրբեջանը պաշտոնական մակարդակներով չի դադարեցնում իր ռազմատենչ հայտարարությունները, իսկ Հայաստանում խաղաղասիրության քարոզչություն է իրականացվում։

Արդեն քանի ամիս է՝ լրատվամիջոցներում ահազանգեր են հնչեցվում շփման գծի երկայնքով տարվող շինարարական աշխատանքների մասին։

Դավիթ Շահնազարյանը դեռևս 2018թ. դեկտեմբերին հայտարարեց Ադրբեջանի և Արցախի շփման գծում կատարված փոփոխությունների մասին. «Դեռևս մայիս ամսից փորձ էր արվել ինչ-որ բլուրներ կառուցել այնտեղ, բայց անընդհատ արգելափակող կրակով այդ շինարարական աշխատանքները դադարեցվում էին: Շփման գծից 1300-1700 մետր հեռավորության վրա, իրարից մինչև 5 կմ հեռու և փաստացի ամբողջ շփման գծի երկայնքով բլուրներ են դրանք:

Սեպտեմբերի 27-ից հետո մեծ թափով իրականացվում են այդ շինարարական աշխատանքները, բլուրների մի մասն արդեն պատրաստ է, մյուս մասում շինաշխատանքներ են»: Դավիթ Շահնազարյանը ցուցադրել էր այդ բլուրների լուսանկարները՝ ասելով, որ ավելի մեծ խտություն կա այնտեղ, որտեղ լրիվ հարթավայրային է ռելիեֆը, զրահատեխնիկայի համար շատ վտանգավոր հարձակման մասում: Բլուրների բարձրությունը, ըստ նրա, 11-ից մինչև 15 մետր էր:

ՀՀ ՊՆ-ից հիմնականում հերքում էին այդ տեղեկությունները՝ կամ ասելով, որ նման բան չկա, կամ՝ որ հայկական կողմը ևս ժամանակ առ ժամանակ նման աշխատանքներ է կատարում, և ամեն ինչ ՊՆ վերահսկողության ներքո է։

Այսօր էլ, մենք տեղեկություններ ենք ստանում, որ ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմն արդեն որքան ժամանակ է՝ ինտենսիվ շինարարական աշխատանքներ է տանում։ Ըստ նույն տեղեկությունների՝ մոտ 5-6 մետր խորության և ավելի քան 100 կմ ձգվող փոսային ճանապարհներ են գցվում։

Ի դեպ, Փաշինյան-Ալիև հանդիպումներից մեկից հետո, 2018թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր.

«Իհարկե,  վստահ չեմ, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Կարևոր է ընդհանրապես այդ կոնտակտը, որը մենք պայմանավորվել ենք հաստատել: Վաղը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին պաշտոնապես կտեղեկացնենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև մշտական կապ հաստատել, որպեսզի մենք կարողանանք իրավիճակն ավելի օպերատիվ վերահսկել:

Առայժմ պարզ չէ, թե տեխնիկապես ինչպես է իրականացվելու: Ես առաջարկել եմ, որ այդ կապը լինի այնպիսին, որ, պայմանականորեն ասած՝ կես ժամվա ընթացքում հնարավոր լինի ինֆորմացիան տեղ հասցնել: Մեր զինված ուժերը 100%-ով պահում են պայմանավորվածությունը: Հույս ունեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը նույնպես կգան պայմանավորվածության լիարժեք դաշտ»:

Փաշինյանն ավելացրել էր, որ Իլհամ Ալիևն իր վրա դրական, կրթված մարդու տպավորություն է թողել:

Քաղաքագետներն ու ռազմական փորձագետներն ամրագրեցին՝ այո, ադրբեջանական կողմը, ըստ էության, խոստանում է չկրակել, նույնը պահանջում է նաև հայերից և տվյալ ժամանակն օգտագործում է նախիջևանյան հատվածում իր դիրքերն ամրապնդելու համար։ Բնականաբար, Ալիևը ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածություններ ձեռք բերելիս չէր կարող առաջնորդվել մարդասիրական շարժառիթներով։

Ադրբեջանի համար հրադադարն անհրաժեշտություն է, որպեսզի շինարարական աշխատանքներն առանց զոհերի կարողանա ավարտին հասցնել, որպեսզի ինժեներական, շինարարական գործընթացը չխաթարվի, և հանգիստ ավարտի իր նախաձեռնած աշխատանքները՝ ավելի քան 100 մետրանոց փոսային ճանապարհները, որի վտանգները հասկանալի են, եթե, Աստված մի արասցե՝ իրեն հարմար պահին պատերազմ վերսկսի։

Տեսանյութեր

Լրահոս