Իրանի արտաքին ու հարավկովկասյան քաղաքականության փոփոխության համար հիմքեր դեռ չեն նկատվում․ Լուկիանով

Նախագահական ուղղաթիռի աղմկահարույց կործանման հետևանքով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և ԱԳՆ ղեկավար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի ողբերգական մահը ցնցեց ողջ տարածաշրջանը, ինչպես նաև աշխարհը։ Իրանի առանցքային պաշտոնյաների անակնկալ մահը միջազգային նշանակության իրադարձություն է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Իրաննէական ազդեցությամբ միջազգային մասշտաբի խաղացող է՝Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և այլ ռեգիոններում։ Իրան-Իսրայել դիմակայության նոր փուլը, պայմանավորված Գազայի հատվածում Իսրայելի գործողություններով, իր հերթին դարձել է աշխարհաքաղաքականության առանցքային թեմա՝ դրանով իսկ էլ ավելի մեծացնելով Իրանի դերակատարությունը։

Բացի միջազգային հարթությունից, հատկապես 44-օրյա արցախյան պատերազմից հետո Իրանը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման և անվտանգային երաշխիքների հարցում ամենալուրջ խաղացողն է,Ադրբեջանին որոշակիորեն զսպող ՀՀ միակ դաշնակիցը։ Ուստի նախագահի ու արտգործնախարարի անակնկալ մահը և ընտրությունների նշանակումն Իրանում լուրջ մտահոգությունների պատճառ է դառնում հայաստանյան հասարակության շրջանում՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի անկայուն, հեղհեղուկ արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները, մարտահրավերները։ Եվ այս ֆոնին, հաշվի առնելով թե՛ Իրանի ներքաղաքական խնդիրները, թե՛ դիմակայությունն Արևմուտքի հետ, գլխավոր հարցն այն է, թե ինչ սպասել Իրանում նախագահական ուղղաթիռի կործանումից հետո։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ հասկանալու համար՝ ինչ կարելի է սպասել, պետք է հաշվի առնել, թե ով է նախագահն Իրանի պետական համակարգում։

Կարդացեք նաև

Լուկիանովի խոսքով, Իրանի պետական համակարգում նախագահը ոչ թե պետության ղեկավարն է՝ հոգևոր առաջնորդը, այլ գործադիր իշխանության ղեկավարը, որն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, սակայն դրան նախորդում է գաղափարական նախնական ընտրության փուլը, որով հարգվում է ընտրությունների բազմակարծությունը, սակայն բազմազանությունը սահմանափակվում է թույլատրելի շրջանակով։ Սա, նրա խոսքով, երկիրը երաշխավորում է, պաշտպանումլուրջ շրջադարձերից և անակնկալներից։

«Կան բազմաթիվ այլ նրբություններ ու ընթացակարգեր ևս, որոնք բնորոշ են այս համակարգին և այն առանձնահատուկ են դարձնում, սակայն կայունացնող նշանակություն ունեն տվյալ երկրի համար։ Կառավարման համակարգի բոլոր առանձնահատկությունների շնորհիվ պետապարատի աշխատանքը դիմակայուն է նաև այնպիսի ցնցումների, ինչպիսին տեղի ունեցավ օրերս Իրանում։ Համակարգն ինքնին բավականին ամուր է, կայուն, բայց, ինչպես յուրաքանչյուր նման մեծ ու ազդեցիկ պետություն, Իրանի քաղաքական դաշտը ևս բավականին բազմազան է։ Դրա հետ մեկտեղ՝ Իրանում կան ներքին խնդիրներ՝ պայմանավորված թե՛ ամերիկյան պատժամիջոցներով, թե՛ համակարգի թելադրած սահմանափակումներով, թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ անհանգստություններով։ Վերջին տարիներին, եթե հիշեք, Իրանում տարբեր պատճառներով եղել են բազմամարդ ցույցեր, որոնք կարող ենք տեղավորել այս երեք բաղադրիչների շարքում»,-ասաց Լուկիանովը՝ նշելով, որ այս ֆոնին ցանկացած փոքր ցնցում կարող է մեծ ցնցման հանգեցնել, հատկապես, երբ այն ունի նաև արտաքին շահառուներ, որոնք Իրանի դեպքում կան։

Ուստի, ըստ Լուկիանովի, կա կայուն պետական համակարգ՝ իր աշխատանքով, սակայն կան հարակից մի շարք անկայուն գործոններ, որոնք ռիսկեր են պարունակում։

«Նկատելի է, որ Իրանի հոգևոր առաջնորդը, որը համարվում է Իրանում երկրի բարձրագույն ղեկավարը, անում է ամեն բան, որպեսզի երկրի կայունությունը չսասանվի։ Առաջիկայում պետք չէ Իրանից ակնկալել արտաքին քաղաքական փոփոխություններ։Ինչ վերաբերում է նախագահի և արտգործնախարարի փոփոխությունից հետո արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխությանը, ապա դա քիչ հավանական է, քանի որ արտաքին քաղաքականության ռազմավարությունը սահմանում է ոչ թե երկրի նախագահը, այլ հոգևոր առաջնորդը, իսկ արտաքին քաղաքականության շուրջ գերակշռում է կոնսենսուսը, ուստիառանցքային փոփոխությունների հիմքեր չկան»,-ասաց Լուկիանովը։

Նրա խոսքով, ԻԻՀ քաղաքականությունը Հարավային Կովկասի ուղղությամբ ևս անփոփոխ կմնա գոնե առաջիկայում.

«Որևէ նախադրյալ չկա պնդելու համար, թե փոփոխություններ են լինելու, իսկ Հարավային Կովկասը ներկայումս կենտրոնական ռեգիոն է Իրանի համար՝ հաշվի առնելով Իսրայելի աճող ազդեցությունն Ադրբեջանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցությունները և հարաբերությունների ներկայիս վիճակն ու խնդիրները։ Այս առումով ոչինչ չի փոխվի»,-նկատեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Իրանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ասել է․

«Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգատարությունը դեռ պետք է արտացոլվի։ Դա հաշվի առնելով՝ մենք պետք է կարողանանք ապահովել մեր շահերը։ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ, ուստի երկու երկրների հետ կապված հարցերը պետք է զգուշավորությամբ իրագործվեն»։

Խամենեին նաև մատնանշել է Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ ասելով.

«Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը պետք է շարունակել պարոն Մոխբերի առաջնորդությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս