Ծնողական օրինակ

– Հա՛յր, իսկ ի՞նչ անեն ծնողները, եթե երեխան նրանց չի լսում, կամակորություն է անում:

– Եթե երեխան չի ենթարկվում և իրեն վատ է պահում, ապա դա իր պատճառն ունի: Միգուցե, իր տանը կամ նրանից դուրս, երեխան անպարկեշտ տեսարանների ականատես է լինում կամ անվայելուչ խոսակցություններ է լսում: Ինչ էլ որ լինի, երեխաների հոգևոր զարգացմանը հիմնականում մենք ոչ թե ստիպողաբար ենք նպաստում, այլ` մեր անձնական օրինակով:

Պետք է ասել, որ  մայրն է երեխաներին մեծ օգնություն ցուցաբերողը` իր օրինակով, իր ամուսնու հանդեպ ցուցաբերած հարգանքով ու հնազանդությամբ: Եթե ինչ-որ հարցի շուրջ մոր կարծիքը տարբերվում է հոր կարծիքից, ապա նա երբեք չպետք է այն արտահայտի երեխաների ներկայությամբ, որպեսզի չարը դրանից չօգտվի:

Մայրը երբեք չպետք է պղտորի երեխաների մտքերը հոր վերաբերյալ: Եթե նույնիսկ հայրը մեղավոր է` մայրը պետք է արդարացնի նրան: Օրինակի համար, եթե հայրն իրեն վատ է դրսևորել, ապա մայրը երեխաներին պետք է ասի. «Հայրիկը հոգնել է, նա ողջ գիշեր աշխատել է, որպեսզի մի շտապ գործ ավարտի: Եվ նա ձեզ համար է աշխատում»:

Կարդացեք նաև

Շատ ծնողներ վիճում են երեխաների ներկայությամբ և այդ կերպ նրանց վատ դաս են տալիս: Դժբախտ երեխաները տխրում ու վշտանում են: Հետո ծնողները, որպեսզի նրանց սիրտը շահեն, ձգտում են նրանց բոլոր քմահաճույքները կատարել: Հայրը, ցանկանալով հաճոյանալ երեխային, սկսում է «գնել» նրան. «Դե, թանկագինս, ասա տեսնեմ ի՞նչ գնեմ քեզ համար»:

Մայրն իր հերթին է երեխայի քմահաճույքները կատարում, և արդյունքում երեխաները քմահաճ ու իրասածի են մեծանում: Իսկ արդյունքում, եթե ծնողներն ի վիճակի չեն երեխաներին տալու այն՝ ինչ նրանք ուզում են, ապա սպառնում են ծնողներին, որ կվնասեն իրենց կամ ինքնասպան կլինեն:

Ես տեսնում եմ, թե ինչպես է ծնողական բարի օրինակն օգնում երեխաներին:

Այսօր ես հյուրեր ունեի` երկու փոքրիկ աղջնակներ, մեկը` երեք, իսկ մյուսը չորս տարեկան, իրենց ծնողների հետ, որ շատ առաքինի մարդիկ էին: Որքա՜ն ուրախություն ինձ պարգևեցին այդ պստիկները:

Նրանք կարծես հրեշտակներ լինեին: Կողք-կողքի նստած, շորիկների փեշերով իրենց ծնկներն էին ծածկում: Որքա՜ն համեստություն ու հարգանք կար նրանց մեջ: Եվ այդ ամենն այն պատճառով, որ նրանք տեսել էին, թե ինչպես են իրենց ծնողները վարվում: Տեսնելով, որ ծնողները սիրում ու հարգում են միմյանց, իրենց խելամիտ ձևով են դրսևորում, աղոթում են և այլն, ապա երեխաներն այդ ամենը դրոշմում են իրենց հոգիներում:

Այդ պատճառով էլ ասում եմ, որ եթե ծնողներն իրենց երկյուղածությունը երեխաներին փոխանցեն, ապա դա լավագույն ժառանգությունը կլինի, որ կարող են թողնել:

Եթե դուք միայն տեսնեիք մի աղջնակի, որի հետ ես Ավստրալիայում ծանոթացա: Որքա՜ն վեհանձնություն կար նրա մեջ: Մենք Կանբերա գնացինք: Ընդունելով վերջին երկու այցելուներին, որոնք կամենում էին ինձ տեսնել՝ ես պատրաստվում էի  մեկնել: Մեկ էլ տեսնեմ մի մեքենա կանգ առավ ու դուրս ելավ մի ամուսնական զույգ` իրենց փոքրիկ դստեր հետ: «Հա՛յր, մենք այնուամենայնիվ հասցրեցինք հանդիպել ձեզ»,- ասացին նրանք:

«Այո,- ասում եմ,- մենք արդեն պատրաստվում էինք մեկնել»:

«Հա՛յր,- այնժամ ասաց ամուսինը,- ինձ ընդունել պետք չէ, սարսափելի բան չկա: Թող միայն կինս կարճ ժամանակով զրուցի Ձեզ հետ, որպեսզի չվշտանա: Թե չէ նա շատ զգայուն մարդ է»: Մենք նրա կնոջ հետ մի կողմ գնացինք, որպեսզի կարողանա ասել ինձ այն, ինչ ուզում է: Նրանց դստրիկը վազեց մոր ետևից:

«Նստիր այնտեղ,- ասացի փոքրիկին,- շուտով մայրիկը կգա»:

«Իսկ դու մայրիկ ունե՞ս»,- հարցրեց նա ինձ:

«Ոչ»,- պատասխանեցի ես: Մեկ էլ տեսնեմ նրա աչուկներում արցունքներ հայտնվեցին:

«Իսկ ուզո՞ւմ ես,- հարցրեց նա,- իմ մայրիկին քեզ տամ»:

Այդ ժամանակ ես էլ նրան հարցրեցի. «Իսկ դու պապիկ ունե՞ս»:

«Ոչ»,- պատասխանեց:

«Իսկ ուզո՞ւմ ես պապիկ ունենալ»:

«Ուզում եմ, ուզում եմ,- ուրախացավ նա,- Դու ի՞նքդ կտեղափոխվես մեզ մոտ ապրելու, թե՞ ուզում ես, որ մենք տեղափոխվենք քեզ մոտ: Ինչպե՞ս ես ուզում»:

Ինչպիսի՜ վեհանձնություն: Փոքրիկ երեխան զոհաբերում է իր մայրիկին: Տեսե՛ք, ախր նա դա իր ծնողներից էր կրկնօրինակել:

Նրա հայրը մեծ վեհանձնության տեր մարդ էր: Ես գրկեցի ու համբուրեցի այդ մարդուն, շնորհավորեցի, որ այդքան լավ դուստր ունի: Որքա՜ն ես նրան օրհնեցի: Այդպիսի մարդիկ շարժում են մարդկային նույնիսկ ամենաչոր սրտերը, էլ ի՜նչ ասես Աստծո մասին:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս